Ավելի քան 500 երիտասարդ հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ

Ավելի քան 500 երիտասարդ հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ

Արցախցի երիտասարդները հավաքվել են Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի՝ «Ձեդո-Բաբոյի» մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հաղորդավար, պրոդյուսեր Էրիկ Անթառանյանը։

«Վեցերորդ օրը շրջափակման մեջ գտնվող արցախցիները շարունակում են ապրել, նրանք ապրելու իրավունք ունեն։ Ավելի քան 500 երիտասարդ այս պահին հավաքվել է «Ձեդո-Բաբոյի» մոտ, իսկ թե ինչ են անելու՝ կիմանաք հաջորդիվ»,– ֆեյսբուքյան իր էջում ասել է Էրիկ Անթառանյանը։            Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Երեկ՝ դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանների, առանց իրենց կողմից որեւէ զիջումների, Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը: Նա նշել էր, որ օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի, սակայն այդ հայտարարությունից մեկ օր անց էլ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Ռուբեն Վարդանյանը նախօրեին Ստեփանակերտում այսօրվա համար հանրահավաք էր հրավիրել, սակայն ավելի ուշ հայտնեց, որ հանրահավաքը տեղի չի ունենալու, փոխարենը իրենք կայցելեն տարբեր համայնքներ։

«Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պետք է լինի անկեղծ շփում կառավարության ու ժողովրդի միջեւ: Դրա համար երկար քննարկումներից հետո, որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին անցկացնենք հանդիպում, հնարավորություն ունենանք մարդկանց հետ շփվելու, հաջորդ օրը գնանք Մարտունի, հաջորդ օրը՝ Ասկերան, եւ դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես կազմակերպենք հանրհավաքը Ստեփանակերտում: Խնդիրները շատ են, իրավիճակը փոխվում է շատ դինամիկ, եւ կարեւոր է, որ ինչ-որ քայլ անելիս հիմնվենք բոլոր քաղաքացիների կարծիքի վրա: Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ ազնիվ ու բաց քննարկումներ»,-ասել էր նա։