Քաջարանի համայնքապետն արժանացավ «Որակի նշան 2022» մրցանակի

Տարիների գործունեություն, հանրության բարեկեցիկ կյանքին ու ապագային ուղղված բարեփոխումներ և աշխատանք. Որակի նշան ամենամյա մրցանակաբաշխությունը, ամփոփելով տարին, ներկայացնում է հանրային ծառայության և ապրանքանիշերի ոլորտներում լավագույններին, որոնք աչքի են ընկել համայնքներում ու տարբեր բնագավառներում իրենց բարեխիղճ աշխատանքով և գործունեությամբ:
«Մարզային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ աշխատանք» անվանակարգում «Որակի նշան 2022» մրցանակը տրվեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին:
«Որակի նշան» կազմակերպությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ, մրցանակաբաշխություններ, որոնց արդյունքում իրենց որակի նշանն են ստանում, հանրային ծառայողները, բուժկենտրոններն ու բուժաշխատողները, Հայաստանի առաջատար մասնագետներն ու ընկերությունները: Լավագույնների ընտրությունն իրականացվում է հատուկ ընթացակարգով:
Քաջարանի համայնքապետի համար առաջնայինը մրցանակը չէ, այլ այն գործը, որը կնպաստի համայնքի զարգացմանը, բայց սա կարևոր է նրանով, որ գնահատվում է համայնքապետարանի աշխատանքը:
Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ Մանվել Փարամազյանը նշեց, որ իր կառավարման տարիներին իրականացվել է ահռելի աշխատանք։ Մասնավորապես, միջհամայնքային գրեթե բոլոր ճանապարհները ասֆալտապատվել են, մյուսներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Բոլոր գյուղական բնակավայրերում լուծվել է փողոցային լուսավորության հարցը: Իսկ Քաջարան քաղաքի ջրի ակունքը հիմնովին կփոխվի, այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ինչպես նաև Քաջարանում կառուցվելու է սպորտային մեծ համալիր՝ բոլոր մարզաձևերի համար, մանկական խաղահրապարակներ, նոր այգիներ»,- ասաց համայնքապետը:
Համայնքային ծառայության ոլորտում տարվա լավագույն «Որակի նշան 2022» մրցանակին արժանացավ նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում մրցանակը ստանալու էր եկել մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:
Մրցանակաբաշխության նպատակն է տնտեսության, պետական և հանրային ծառայության ոլորտներում լավագույններին խրախուսել և ավելի ճանաչելի դարձնել։
Աղբյուրը՝ armenpress.am