«Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման հետ կապված իրականացվել են ՇՄԱԳ հանրային լսումներ

«Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման հետ կապված իրականացվել են ՇՄԱԳ հանրային լսումներ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Աբու Դաբիի Մասդար ընկերության համատեղ ծրագրի` «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման հետ կապված դեկտեմբերի 20-ին  Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Աշնակ, Դաշտադեմ և Թալին համայնքներում իրականացվել են կայանի կառուցման Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) վերաբերյալ թվով երրորդ հանրային լսումները:

ՇՄԱԳ աշխատանքները համակարգող «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» կազմակերպության ներկայացուցիչ Միքայել Թևոսյանը համայնքների բնակիչներին մանրամասն ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները: Կազմակերպության կողմից ներգրավվել են տեղական և միջազգային փորձագետներ, որոնց հետ համատեղ իրականացվել են տարածքի պատմահնագիտական և կենսաբազմազանության դաշտային ուսումնասիրություններ, ինչպես նաև սոցիալական ազդեցության գնահատման համար անհրաժեշտ դաշտային աշխատանքներ։ 

  Մ. Թևոսյանի խոսքով, հայցվող տարածքում և մերձակա տարածքներում առանձնահատուկ պահպանության կարիք ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ Կարմիր գրքում կամ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) կարմիր ցուցակում գրանցված բուսատեսակներ եւ կենդանատեսակներ չեն հայտնաբերվել: Չկան նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ, և արևային կայանի կառուցումը շոշափելի վնաս չի հասցնի այստեղ ապրող ողնաշարավորներին։

ՇՄԱԳ-ի ներկայացմանը հաջորդեց հարց ու պատասխանը, որի ընթացքում բնակիչները բարձրացրեցին իրենց մտահոգող հարցերը: Մասնավորապես, չորս համայնքի բնակիչներին հիմնականում հետաքրքրում էր իրականացվելիք սոցիալական աջակցության ծրագրերը: Տեղեկացվեց, որ Մասդար ընկերության կողմից Թալին և Դաշտադեմ համայնքների սոցիալական աջակցության ծրագրերի համար որպես նվիրատվություն տրամադրվել է 320 մլն դրամ: Իսկ Կաթնաղբյուր և Աշնակ գյուղերի համար նախատեսվում է օժանդակության փոքր ծրագրեր, (այդ թվում` տարբեր դասընթացներ) քանի որ այդ գյուղերի հողատարածքները չեն մտնում ծրագրի մեջ, այլ միայն անասունների համար հանդիսանում են արտովայրեր:

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Մասդար ընկերության միջև 200 մՎտ հզորությամբ «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջանակում ստորագրվել է  կառավարության աջակցության համաձայնագիր։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը 174 մլն ԱՄՆ դոլար է, իսկ արտադրվող էներգիայի սակագինը` 0,0290 ԱՄՆ դոլար՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Մասդար Արմենիա» համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար» ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին:

Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին: