«11-րդ օրն է՝ մենք բլոկադայի մեջ ենք». Արցախի պետնախարար

«11-րդ օրն է՝ մենք բլոկադայի մեջ ենք». Արցախի պետնախարար

«11-րդ օրն է՝ մենք բլոկադայի մեջ ենք», - առավոտյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Ռուբեն Վարդանյանը:

Նշելով, որ «շատ ծանր է վիճակը՝ հոգեբանական առաջին հերթին», Վարդանյանը վստահեցրեց. - «Մենք ամեն ինչ անում ենք, որ ինչքան կարելի է արագ փոխենք իրավիճակը և գտնենք լուծումներ: Մյուս կողմից՝ մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է լինի այնպիսին, որ մեր արժանապատվությունը մենք չկորցնենք»: Այդ լուծումը, ըստ պետնախարարի, չպետք է լինի այնպիեին, որ «հետո հետևանքները մեզ չթողնեն ոչ մի հնարավորություն՝ մնալու Արցախում, հանգիստ ապրելու և լինելու ոչ կախված Ադրբեջանից»:

«Մենք ունենք շատ լուրջ խնդիր՝ 120 հազար մարդ գտնվում են բլոկադայի մեջ, մենք ունենք խնդիր, որ արդեն, ցավոք սրտի, մի քանի մարդ մահացել են, և դիակները չենք կարողանում բերել Արցախ, մենք ունենք խնդիրներ, որ ընտանիքները բաժանված են: Եվ դա արդեն 11-րդ օրն է: Եթե մի քանի օրը նորմալ էր, արդեն դա դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր», - ասաց Ռուբեն Վարդանյանը:

«Պատասխանատու ենք, պատրաստ ենք, աշխատում ենք, անելու ենք», - վստահեցրեց Արցախի պետնախարարը:

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։

Խնդիրը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդումՄարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ինչպես ՄԱԿ ԱԽ անդամ պետությունները, այնպես էլ Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել են ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

Աղբյուրը՝ azatutyun.am