Գյումրին և Վոլոգդան՝ քույր քաղաքներ

Գյումրին և Վոլոգդան՝ քույր քաղաքներ
Գյումրու համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Վարդգես Սանսոնյանի և Ռուսաստանի Դաշնության Վոլոգդա քաղաքի քաղաքապետարանը՝ ի դեմս Վոլոգդայի քաղաքապետ Սերգեյ Վորոպանովի, կնքել են քույր քաղաքների համաձայնագիր: 
Համաձայնագրով կողմերը պարտավորվում են համագործակցել տնտեսության, առևտրի, ճարտարապետության, քաղաքաշինության, մշակույթի, կրթության, տուրիզմի, սպորտի, հումանիտար, երիտասարդության, ինչպես նաև կադրային քաղաքականության ոլորտներում: 
Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է ներկաներին, խոսել հայ-ռուսական բարեկամության, առկա կապերի, դրանց առավել ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում միաժամանակ  կարևորել է նաև փորձի փոխանակումը և համատեղ նախագծերի իրականացումը. 
–Համայնքային իշխանություններն անչափ կարևորում են երկու քաղաքների միջև նոր համագործակցության ստեղծումը տարբեր ոլորտներում: Գյումրին մշակութային հետաքրքիր դիմագիծ ունեցող, սպորտի ու զբոսաշրջության, ՏՏ  քաղաք է: Այսօր պատմական օր է՝ Վոլոգդան դարձավ Գյումրու հետ 20-րդ քույր քաղաքը,–ավելացրել է Վ.Սամսոնյանը։ 
 Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես է եկել նաև Վոլոգդայի քաղաքապետ Սերգեյ Վորոպանովը։ Իր խոսքում նա ընդգծել է, որ ուրախ կլինի Գյումրու պատվիրակությանը հյուրընկալել Վոլոգդայում, ապա ներկաներին փոխանցել նաև Գյումրուց ստացած իր տպավորությունները. «Գյումրիին մեզ հիացրեց իր գեղեցկությամբ, մաքրությամբ ու մարդկանցով: Հրաշալի քաղաք է, ես սիրահարվեցի այս քաղաքին»։ 
Միջոցառման ավարտին հյուրերը ծաղիկներ են դրել 1988-ի աղետալի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այցելել «Պատվոբլուր» հուշահամալիր, ապա շրջել Գյումրիում, եղել մի շարք պատմական այլ վայրերում։