Կառավարությունը կապահովվի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումը

Կառավարությունը կապահովվի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի, ինչպես նաև գույքի և բժշկական սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող կրթության, սպորտի և առողջապահության ոլորտներին առնչվող ծրագրերի իրականացմամբ պայմանավորված:

Ըստ այդմ, առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թ. պետբյուջեից՝ 707,427.4 հազ. ՀՀ դրամը վերաբաշխել և ուղղել 6 մարզերին: Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական հաստատությունների համար նախատեսվում է ձեռքբերել շուրջ 482.8 մլն. ՀՀ դրամի բժշկական սարքավորումներ:

Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ-ի մանկական մասնաշենքի տանիքի վերանորոգման, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆիայի համար տարածքի հիմնանորոգման և Տավուշի մարզի Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի ադմինիստրատիվ մասի և սանհանգույցների վերանորոգման համար նախատեսվում է իրականացնել շուրջ 41.8 մլն. ՀՀ դրամի աշխատանքներ: Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների և Վայոց ձորի մարզի «Խաչիկի միջնակարգ դպրոցի ջեռուցման համար քարածուխի ձեռք բերում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել շուրջ 34.9 մլն. ՀՀ դրամ:

Սյունիքի մարզում նախատեսվում է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի առաջին փողոցի քանդված հենապատի և ճանապարհի վերականգնման աշխատանքների և Գորիս համայնքի Ակներ գյուղի թիվ 15 փողոցի վերանորոգման աշխատանքների համար հատկացնել շուրջ 102.7 մլն. ՀՀ դրամ:

Վայոց ձորի մարզում նախատեսվում է Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի բեմահարթակի, բեմի լուսային համակարգի նորոգման և ջեռուցման համակարգի օպտիմալացման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար հատկացնել 936 հազ. ՀՀ դրամ: