Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման 6 ամսով արգելք է սահմանվել

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման 6 ամսով արգելք է սահմանվել

Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա):

Հիմնավորման համաձայն, սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ տարածքից արտահանման համապատասխան ծածկագրերին դասվող ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ:

Արդյունքում՝ կբարելավվի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությունն ու կենսապաշարների կայուն օգտագործումը, սիգի կայուն զանգվածի պահպանումը, արդյունագործական որսի իրականացումը։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ երկարաձգվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ 6 ամիս ժամկետով սահմանված արգելքը, որը լրանում է 2023 թ. հունվարի 26-ին: Առաջարկվում է արգելքի ժամկետը սահմանել մինչև 2023 թ. հուլիսի 27-ը։ Մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակն է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունն օգտագործելով որպես երկրորդային հումք սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը: Ըստ հիմնավորման՝ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվարի-հոկտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 100 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 19.7%-ով։