Իլոն Մասկը խոստացել է առաջիկա 2 տարիներին չվաճառել Tesla-ի բաժնետոմսերը

Իլոն Մասկը խոստացել է առաջիկա 2 տարիներին չվաճառել Tesla-ի բաժնետոմսերը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ չի նախատեսում վաճառել Tesla Inc-ի բաժնետոմսերը առաջիկա երկու տարիներին: 

Twitter Space-ում անցկացված աուդիո-կոնֆերանսի ժամանակ Մասկը, պատասխանելով ընկերության բաժնետեր Ռոս Հերբերի հարցին, ասել է, որ միանշանակ ոչ մի պարագայում չի վաճառի Tesla -ի բաժնետոմսերը հաջորդ և, ամենայն հավանականությամբ, դրան հաջորդող տարում:

Միլիարդատերն այս տարի արդեն գրեթե 40 մլրդ դոլարի բաժնետոմս է վաճառել իր մասնաբաժնից հիմնականում այն բանի համար, որպեսզի միջոցներ հայթայթի Twitter ընկերության ձեռքբերման գործարքն ավարտելու համար:

Նշվում է, որ մինչ այդ էլ Մասկը հայտարարել էր, որ չի պատրաստվում վաճառել Tesla-ի բաժնետոմսերը, սակայն չի կատարել իր խոստումը։ Վերջին խոշոր տրանշի մասին հայտնի Է դարձել դեկտեմբերի կեսերին, երբ Մասկը արժեթղթերի վաճառքից ստացավ 3,58 միլիարդ դոլար:

Ընկերությունում իր բաժինն ավելի կրճատելու մասին իր վերջին որոշումը Մասկը բացատրել է տնտեսության մեջ «վատթարագույն սցենարի» պատրաստվելու նպատակով դրամական միջոցներ հայթայթելու անհրաժեշտությամբ։ Մասկը նաև նշել է, որ դա արել է՝ հիմնվելով ամերիկյան տնտեսության վերջին երկու խոշոր ռեցեսիաների ընթացքում ձեռք բերված փորձի վրա։ Բացի այդ, Tesla-ի ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է հավանություն տալ Tesla-ի բաժնետոմսերի հետգնմանը, եթե տնտեսության մեջ իրավիճակը հարթվի:

Հոկտեմբերին միլիարդատերը հայտնել էր, որ տնօրենների խորհրդում քննարկվել է 5-10 միլիարդ դոլար գումարով ընկերության բաժնետոմսերի հետգնման հարցը, սակայն դրա վերաբերյալ որոշում չի կայացվել։

Ի թիվս այլ բաների, Մասկը պատասխանել է իր հասցեին հնչած այն քննադատություններին, թե իբր ինքը բավականաչափ ուշադրություն չի դարձնում Tesla-ին՝ Twitter-ում իր ստանձնած պարտավորությունների պատճառով:

«Այդ ողջ ժամանակաշրջանում ես բաց չեմ թողել ոչ մի կարևոր նիստ Tesla-ում, այնպես որ ես ամենևին անհետ չեմ կորել»,- ասել է Մասկը՝ հավելելով, որ ավտոարտադրող ընկերության գործունեությունը շատ ավելի բարդ է, քան սոցիալական ցանցինը։

Tesla-ի բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացած լրացուցիչ սակարկություններում աճել է 1,1%-ով: Տարեսկզբից դրանց արժեքը նվազել է 64,4%-ով։

Աղբյուրը՝   armenpress.am