Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը ստանա մշտական կարգավիճակ

Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը ստանա մշտական կարգավիճակ

 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին և անդրադրաձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա խոսել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին: 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հասանելիություն ունի Լեռնային Ղարաբաղում:

«Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը. դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող այդ միջանցքի արգելափակումն անընդունելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:

Ֆրանսիան անմիջապես հանդես է եկել տեղաշարժի սահմանափակումների անհապաղ և անվերապահորեն վերացման կոչով և հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին ՝ երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիությունը, ոչ էլ ՄԱԿ-ը ներկա չեն այնտեղ։

Պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր դեռ ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել իրեն վստահված անվտանգության երաշխիքները: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը ՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ ՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ներառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այս հանդիպմանը հաջորդել է, կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ տվել է նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ մուտքի հասանելիության մասին»,- նամակում նշել է Քեթրին Կոլոնան:

Աղբյուրը՝   armenpress.am