«2023թ․-ին գործարկելու ենք նոր առևտրային համակարգ․ դա հեղափոխական քայլ է լինելու»․ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն

«2023թ․-ին գործարկելու ենք նոր առևտրային համակարգ․ դա հեղափոխական քայլ է լինելու»․ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն

 

Ամռանը  Երևանում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ստորագրեցին  Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի հսկիչ փաթեթի  (65.03 տոկոսը`  967 հատ բաժնետոմս), վաճառքի վերաբերյալ պայմանագիրը: Ի՞նչ զարգացումներ և խնդիրներ ունի այսօր ՀՖԲ-ն։ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման, միջազգային  առևտրային հարթակներում ներկայացված լինելու և այլ հարցերի շուրջ  ejc.am-ի թղթակիցը զրուցել է  Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի հետ

 -Պարոն Եգանյան, շուրջ 6 ամիս անց ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը Վարշավայի ֆոնդային բորսային վաճառելու գործարքը՝ սպասումների առումով։

- Գործարքը  դեռևս վերջնական չի գրանցվել կարծում եմ մինչև այս տարեվերջ այն ավարտուն տեսք կստանա։ Սա շատ լուրջ գործարք է Հայաստանի համար։ Այն կարող է խթան հանդիսանալ  մյուս բոլոր գործարքների համար, ինչպես որ օրինակ,  HSBC-ի կամ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  մուտքը Հայաստան, որոնք, որպես ուղենշային ընկերություններ,  խթան հանդիսացան հայաստանյան բանկային համակարգի զարգացման  համար։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  հետ համատեղ մշակել ենք հինգ տարվա զարգացման ստրատեգիկ պլան նախատեսում ենք շուրջ 80 տարբեր նախաձեռնություն իրականացնել առաջիկա 5 տարվա ընթացքում։

Շատ կարևոր է, որ Վարշավայի  ֆոնդային բորսան հետաքրքրություն է ցուցաբերել  մեր հանդեպ, Հայաստանի տնտեսության, շուկայի հանդեպ։ Այստեղ մեծ դերակատարում է ունեցել նաև ՀՀ ԿԲ-ն։

Իմ համոզմամբ, սա շատ կարևոր ազդակ է, ցուցանիշ է, որ Հայաստանը ներդրման ենթակա երկիր է՝ եվրոպական չափանիշներին համապատասխան լուրջ ինստիտուցիոնալ կառույցների կողմից։

Եթե Վարշավայի ֆոնդային բորսայի նման ինստիտուցիոնալ կառույցը ներդրում է կատարում մի երկրում, դա նշանակում է, որ այդ երկրի նվազագույն պայմանները բավարարում են իրենց պահանջներին՝ կորպորատիվ կառավարում, վերահսկողություն, կոռուպցիա, առհասարակ երկրում տիրող տնտեսական մթնոլորտ և այլ պայմաններ։  

 -Ինչպիսի՞ սպասելիքներ կան այդ գործարքից։

 -Արդեն մեզանից է կախված, թե մենք ինչպես կօգտագործենք ստեղծված հնարավորությունները։ Սա մեր ֆինանսական ոլորտում գործող բիզնեսների համար շատ մեծ հնարավորություն է, պետք է նախաձեռնություն դրսևորել  և օգտվել ընձեռված հարթակից։ Որպես հայկական ընկերություն՝ ցուցակված լինելով Հայաստանում կամ Լեհաստանում, արդեն հայտնվում ես լեհական բորսայի  միջազգային ներդրողների «ռադարում»։

Մենք ինքներս պետք է ներկայացնենք հետաքրքիր գաղափարներ։ Միանշանակ, լեհերի հետ  տեսնում ենք տարբեր որոտներում համագործակցության զարգացման ուղիներ, օրինակ՝ բանկային ոլորտում  կամ հայկական ընկերությունների համար հնարավոր է ներգրավել լեհական կապիտալ և ոչ միայն լեհական, արդեն հնարավորություն կա մուտք գործել միջազգային շուկա։ Այս  գործարքով հայկական ընկերությունների մուտքը միջազգային շուկա ավելի է հեշտանալու, մեծ դռներ են բացվելու բիզնեսի համար։

Հայկական ներդրումային բանկերի ստեղծման անհրաժեշտություն է լինելու, որոնք պետք է հայկական բիզնեսի բաժնետոմսերը, պարտատոմսերը տանեն և փորձեն վաճառել միջազգային ներդրողներին։

 -Գաղտնիք չէ, որ Հայաստանում  կապիտալի շուկայի ենթակառուցվածքների   զարգացումը շատ դանդաղ տեմպերով է առաջ ընթանում։ Պարոն Մարեկ Դիետլը  հայտարարել էր, որ  ներդրումը դիտարկվում է որպես երկարաժամկետ և ռազմավարական գործընկերություն, որի հիմքում ընկած կլինի  համատեղ ջանքերով զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան և այդ բիզնեսը տարածաշրջանում: Ի՞նչ  տեղաշարժ կարող ենք արձանագրել։

-Դեռ տեղաշարժ չկա, բայց մենք արդեն իսկ սկսել ենք օգտագործել մեր համբավը, անունը։ Այն, որ մեր ընկերությունը կարողացել է հետաքրքրություն  առաջացնել, որպեսզի Վարշավայի ֆոնդային բորսան ներդրում կատարի մեր ընկերությունում, դա վկայում է նոր հնարավորությունների մեծ հեռանկարի մասին։  Շատ կարևոր է, որ կարողանանք  հարևան երկրների կապիտալի շուկաների վերահսկողների,  կարգավորողների և առհասարակ, բաժնետերերի բորսաների հետ համագործակցել, առաջարկենք ձեռք բերել իրենց բորսան և այլն։

-Արժեթղթերի շուկան շատ կարևոր դերակատարում ունի ներդրումների ներգրավման, տնտեսական աճի ապահովման համար։ Սակայն, այսօր՝ ինչպես մասնագետներն են բարձրաձայնում, արժեթղթերի շուկան դեռևս անհրաժեշտ չափով կայացած  չէ։ Ըստ Ձեզ, Հայաստանում արժեթղթերի շուկայի լիարժեք կայացմանը, զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառները որո՞նք  են։

-Հիմնական պատճառը ներդրումային բանկերի, բրոքերների, դիլերների բացակայությունն է։ Ցավոք սրտի, այս ինդուստրիան Հայաստանում առհասարակ զարգացած չէ։ Եթե նայենք, թե տարվա մեջ ֆինանսական ոլորտից բացի  քանի ընկերություն է թողարկում պարտատոմսեր, ներդրողների քանակը, կտեսնեք, որ գրեթե թողարկում չի լինում։  Թողարկումներն իրականում կախված են ներդրումային բանկերից, որովհետև ներդրումային բանկերն են այդ միջնորդները, որոնք մի կողմից  բիզնեսին համոզում են  թողարկում կատարել,  և մյուս կողմից համոզում են խնայողություններ ունեցողներին, որ իրենց գումարները ավելի արդյունավետ կառավարելու համար  օգտվեն իրենց խորհրդատվությունից և ներդրումներ կատարեն այս ոլորտում։

Ցավոք սրտի տվյալ ոլորտը բացակայում է մեզ մոտ։  Հայաստանում դեռևս չկա մի  բրոքեր, որ առհասարակ ունենա առևտրային համակարգ, որը հաճախորդներին հնարավորություն կտա առևտրային համակարգի միջոցով մուտք գործել համաշխարհային շուկաներ, կամ թեկուզ՝ Հայաստանի ֆոնդային բորսա, և առևտուր անել գոնե պետական պարտատոմսերով կամ բանկային համակարգի  կորպորատիվ պարտատոմսերով։  Բայց մյուս կողմից պետք է արձանագրենք, որ վերջին երկու տարվա ընթացքում  որոշ բանկեր արդեն փորձել են գնահատել այս ինդուստրիայի արժեքը և համապատասխան ներդրումներ են կատարում իրենց ՏՏ  ոլորտում, և փորձում են մարդկային ռեսուրսների ոլորտում  ներդրում կատարել, ներգրավել համապատասխան կադրեր, որպեսզի զարգացնեն իրենց կողմից մատուցվող ներդրումային բանկային ծառայությունները։ Օրինակ՝ Ակբա բանկն անցած տարի օնլայն բանկինգի միջոցով կատարեց բաժնետոմսերի  տեղաբաշխում։ Բանկն ինտեգրվեց Հայաստանի պետական դեպոզիտարիային, այժմ էլ ցանկանում է  ինտեգրվել  Հայաստանի ֆոնդային բորսային, ինչը շատ ողջունելի է։ Մյուս կողմից, Ամերիաբանկն է ցանկություն հայտնել ինտեգրվելու։ 

AMX Office-1.jpg (4.23 MB)

-Որո՞նք են ՀՀ ընկերությունների բաժնետոմսերի թողարկումից հրաժարվելու, ինչպես նաև ներդրումների հարցում տնտեսվարողների պասիվության պատճառները։

-Ես չէի ասի, որ հրաժարվում են,  ընդհակառակը՝ ցանկացած բիզնես  կցանկանա օգտվել առանց գրավի պարտքով գումար ներգրավելու հնարավորությունից թեկուզ և երկու տոկոս ավելի թանկ։ Երկարաժամկետ հորիզոնով ավելի մեծ խնայողություն տրամադրող ներդրում գրավելու հնարավորությունը շատերին է հետաքրքրում, քանի որ այս տարբերակն ավելի շահավետ է։ Երբ իրենք վարկ են վերցնում, ամեն ամիս վճարում են մայր գումար և տոկոս, իսկ պարտատոմսի պարագայում տարին  մեկ կամ երկու անգամ  առավելագույնը երեք անգամ կարող ես վճարել միայն տոկոս, պարտատոմսի մայր գումարը դու վերջում ես վճարում, որը հիմնականում նոր պարտատոմս ես թողարկում, վերաֆինանսավորում ես։ Այսինքն,  հինգ կամ տասը տարվա ընթացքում բավականին ազատ կանխիկ գումար է կուտակվում։

Նրանց պետք է  այս առաջարկներն անեն և  ուղղորդեն  ներդրումային բանկերը։  Բայց այսօր, այդ միջնորդ ծառայություն մատուցողը չկա։  Ֆինանսական միջնորդությունն ամենակարևոր կոմպոնենտն է կապիտալի շուկայում։ Ընկերությունները պետք է գան և մուտք գործեն բորսա միջնորդների միջոցով։

Տնտեսվարողների պասիվության պատճառը գալիս է ներդրումային բանկային ծառայությունների բացակայությունից։ Այստեղ շատ կարևոր է  լեհերի փորձը, հասկանանք, թե  ինչպես է այնտեղ զարգացել ոլորտը։

Ես հույս ունեմ, որ Ռուսաստանի վերջին իրադարձություններով պայմանավորված, Հայաստան որոշակի ներհոսքի  շնորհիվ, կարող է նաև այս ոլորտը զարգանալ։ Մարդիկ ունեն պահանջարկ նմանատիպ ծառայությունների։  Խոշոր երեք բանկերից երկուսը հիմա նաև ներդրումներ են կատարում՝ զարգացնելու իրենց ծառայությունների որակը, որը շատ գովելի է, այդ պարագայում սայլը կշարժվի տեղից։

 - Հայաստանի ֆոնդային բորսայի 2020-2021 թվականների տվյալները ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։  Ինչպիսի՞ պատկեր ունենք 2022թ-ին։  Համեմատելով նախորդ տարիների ցուցանիշների հետ, արդյոք գոհացնո՞ղ  են դինամիկայի ներկայիս տեմպերը։

-2022թ-ի ընդհանուր տվյալները կամփոփենք  2023թ-ի տարեսկզբին։  Բայց ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական պարտատոմսերի, բաժնետոմսերի բորսայական շուկայում աճ է գրանցվել։

2022 թ.-ի նոյեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ Հայաստանի ֆոնդային բորսայում  նոյեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 15.4 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը նոյեմբերին կազմել է ավելի քան 8.4 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցելով 83% աճ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 64 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի նոյեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 406.9 մլրդ դրամ։ 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 22.7 մլրդ դրամ` 2021 թ-ի նոյեմբերի համեմատ գրանցելով 321% աճ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 244 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 100։  Գրեթե 589 մլն դրամ   կազմել է ռեպո գործարքների ընդհանուր ծավալը ։

Պետք է ասել, որ բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 262 մլն դրամի։ Իսկ շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  ավելի քան 56%-ով՝ հասնելով 263.5 մլրդ դրամի։

-2022 թ. նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված (առևտրին թույլատրված) են եղել 11 թողարկողի 116 կորպորատիվ արժեթուղթ, այդ թվում` 12 բաժնետոմս (11 թողարկողի) և 104 պարտատոմս (21 թողարկողի): Թողարկողներից 5-ը հանդիսանում են և՛ բաժնետոմսի, և՛ պարտատոմսի թողարկող։ Ո՞ր ոլորտներն են ավելի ակտիվ և այս ցուցանիշն ինչպե՞ս եք գնահատում։

 -Ավելի ակտիվ է ֆինանսական ոլորտը, որովհետև այս ոլորտը հարաբերական առումով ավելի թափանցիկ է եղել միշտ՝ իրենց խիստ կարգավորումներից ելնելով։ Ներկայիս ցուցանիշները  բավարար չէի գնահատի, քանի որ  աճելու հնարավորություն միշտ էլ կա։  

 -Լեհաստանի  և Հայաստանի բրոքերային ընկերությունների համար նախատեսվո՞ւմ է ստեղծել ընդհանուր հարթակ և պահառու։

-Այո, նախատեսում ենք մեր բորսան ինտեգրել իրենց բորսային։ Ինչը, որ  ցուցակված կլինի մեր բորսայում՝ կերևա իրենց մոտ, և  կլինի հակառակը։

 -Ապագայում ածանցյալ գործիքների սպասարկում  դիտարկո՞ւմ  եք։

-Այո, դա նույնպես դիտարկում ենք, բայց այստեղ մեզ հարկավոր են լինելու շատ լավ գործընկեր ներդրումային բանկեր՝  ֆինանսական ինժեներներ։

-Թվային տենդենցներն առկա են նաև այս ոլորտում։ Այսօր  բոլոր բիրժաները թվային են, ի՞նչ տենդենցներ ունենք մենք։   

-Մեզ մոտ թվայնացված է ամեն ինչ՝ պարտատոմսերը, բաժնետոմսերը, բոլոր արժեթղթերը դեպոզիտարիայում, թղթային ոչինչ  չկա։  Թղթային տարբերակով արվող միակ բանը, որ, ցավոք սրտի, մնացել է,  դա բրոքերների մոտ հայտերի ընդունումն է, հույս ունենք, որ դա նույնպես կթվայնացվի։ Մի քանի բանկ ցանկանում  է փոփոխություններ անել, մենք նույնպես հնարավորություն ենք տալիս հայտերը ծրագրի միջոցով ընդունելու։  

-Արժեթղթերի շուկայի զարգացման համար շատ կարևոր է ընդհանրապես ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների զարգացումը։ Ի՞նչ ծրագրեր կան այս առումով։ Կխնդրեմ ներկայացնել ՀՖԲ-ի 2023թ-ի  ծրագրերը hետաքրքիր է իմանալ միջնաժամկետ և երկարաժամկետ ինչպիսի՞ ռազմավարություն եք որդեգրել, ի՞նչ գործիքներ են զարգանալու։

 -Ինչպես արդեն նշել ենք, շուրջ ութ տասնյակ  նախաձեռնություն  ունենք, որոնք նախատեսում ենք իրականացնել առաջիկա  հինգ տարվա ընթացքում։ Վարշավայի ֆոնդային բորսայի հետ գործարքը վերջացնելուց հետո, նոր խորհուրդ կձևավորվի և նոր ստրատեգիական նպատակները կֆիքսվեն։  Ամենակարևորը՝ ունենալու ենք նոր առևտրային համակարգ, որը 2001թ-ից ի վեր չի արդիականացվել, ցավոք սրտի 2014թ-ից համակարգն ընդհանրապես չի սպասարկել։

Մեր պրոֆեսիոնալ թիմի երկու տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, կգործարկենք առևտրային այդ նոր հարթակը։

 2023թ-ի առաջին եռամսյակում կգործարկվի նոր ծրագիրը։ Կունենանք նոր ռեպոյի հարթակ՝ ռեպո գործարքների կնքման, պետական պարտատոմսերի փոխարկելի  աճուրդների նոր համակարգ։ 

Հաշվի անելով, որ մեր բրոքերներից ոչ մեկը, ցավոք սրտի, իրենց հաճախորդներին հասանելիություն չտվեց դեպի բորսա, որոշեցինք այդ  ներդրումը , կապիտալ ծախսը մենք անել։ Ամբողջովին նոր համակարգ է լինելու, և մեր բրոքերներին ևս հնարավորություն ենք ընձեռելու համակարգի միջոցով  իրենց հաճախորդներին տալ այդ հասանելիությունը։  Օրինակ՝ հեռախոսների մեջ ունենալով AMX trader ծրագիրը՝  կկարողանան Հայաստանի ֆոնդային բորսային հասանելիություն ունենալ։ Նոր համակարգի ներդրումը  հեղափոխական քայլ է լինելու։