2022 թվականի ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքները

2022 թվականի ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքները

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ամփոփում է 2022 թվականին իրականացված ծրագրերի արդյունքները։  

Ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի եւ Էյր Արաբիա ընկերության համատեղ Ֆլայ Արնա  հայկական ազգային ավիաընկերությունն այս տարվա հուլիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Այս կարճ ժամանակահատվածում ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում 5 ուղղություններով: Հաջորդ տարի նախատեսվում է ընդլայնել չվերթների աշխարհագրությունը, այդ թվում` ներառելով եվրոպական ուղղությունը:

ԱՆԻՖ-ի և արաբական Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Շուտով կավարտվեն կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) աշխատանքները, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ:

ԱՆԻՖ-ի դուստր ընկերության`«Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ, ընդհանուր առմամբ, արդեն իրականացվում է յոթ ներդրումային ծրագիր, որից՝ «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հետ համատեղ իրականացվող «Հարդ Ռոք Կաֆե Երեւան» նախագիծը մեկնարկեց այս տարի հուլիսից` ընդունելով առաջին այցելուներին և դառնալով հայաստանցիների ու զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը։ Այս տարի կնքվեց եւս երկու նոր նախագծի պայմանագիր գյուղատնտեսության ոլորտում։ «Էկո ֆրեշ մաշռումս» և «Քեյ ընդ Ջի» ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում հայկական բարձրորակ սունկը եւ ելակը կընդլայնեն արտահանման շուկաները։

ԱՆԻՖ-ի բոլոր համատեղ ծրագրերը և գործընկերները համագործակցությունը սկսելուց մինչև 2022 թվականի երրորդ եռամսյակի ավարտը, իրենց գործունեության 3-12 ամիսների համար, ներկայացրել և վճարել են ընդհանուր առմամբ մոտ 470 մլն դրամի հարկեր և պետական տուրքեր: Բոլոր ծրագրերը միասին նպաստել են 2021-2022 թվականներին շուրջ 800 աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը։

ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում, համատեղ ծրագրերի շնորհիվ,  Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն դոլար,  որի 91%-ը՝ գործընկերների, 9%-ը` ԱՆԻՖ-ի կողմից:

Այս տարեվերջին գործարկվեց  ԱՆԻՖ-ի  ԱՌՖԻ (Armenia Financed) քրաուդֆանդինգային հարթակը, որը հնարավորություն կընձեռի ներդրումներ ներգրավել ամբողջ աշխարհից՝ Հայաստանում, մասնավոր բիզնեսներում, նոր ստարտափ նախագծերում։

Գալիք տարվա ընթացքում ծրագրվում է ևս  մի քանի նոր նախագծերի մեկնարկ։