Լաչինի միջանցքի փակման խնդիրը բնապահպանակա՞ն է, թե՞ գոյապահպանական

Լաչինի միջանցքի փակման  խնդիրը բնապահպանակա՞ն է, թե՞ գոյապահպանական

Արդեն ավելի քան 2 շաբաթ Լաչինի  միջանցքը փակած,  իրենց «անկախ բնապահպաններ» հռչակած մի խումբ ադրբեջանցիներ շարունակում են Արցախի շրջափակումը  կեղծ բնապահպանական օրակարգի  ներքո։ Միջազգային, իրավական, դիվանագիտական, բնապահպանական տարբեր հարթակներում  ամենասուր գնահատականներն են տրվում։ Հայկական մեդիան ևս ամենատարբեր դիտանկյուններից է անդրադառնում դրան։ Ամենատարբեր մեղադրանքներ և շահարկումներ են հնչում, այդ թվում ներհայաստանյան դերակատարների, նաև՝ բնապահպանների հասցեին։ Խուսափելով շահարկումներին տուրք տալուց, և այդուհանդերձ հաշվի առնելով, որ քննարկվող թեմաներից մեկը, ուզենք թե չուզենք, Արցախի հանքարդյունաբերական ծրագրերն են դարձել, ejc.am-ը դիմել է ոլորտի մասնագետներին։ Մեր հարցերին պատասխանել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն,  ե.գ. դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը և ճարտարագետ-բնապահպան, տ.գ.թ. դոցենտ Հայկ Ակարմազյանը։

 

1․Դեկտեմբերին 12-ին  «Բնապահպանական աղետի դեմն առնելու» կեղծ նպատակով  ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստները փորձել էին մտնել Կաշենի հանքավայր՝ նախնական մոնիտորինգ իրականացնելու և օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման  բնապահպանական խախտումներին առնչվող փաստերն    ուսումնասիրելու համար: Իհարկե, ակնհայտ են այս ակցիայի քաղաքական դրդապատճառները, բայց, այնուամենայնիվ, կխնդրեմ մեկնաբանել բնապահպանական, տնտեսական բնույթի հռետորաբանությունը:

Խաչատուր Մելիքսեթյան-Իհարկե, պետք է լինել շատ միամիտ և անտեղյակ մարդ, հավատալու համար, որ Ձեր հարցում մատնանշված ակցիաներն ունեն որևէ բնապահպանական հիմք: Այստեղ բացառապես քաղաքական ենթատեքստ է: Ավելին. եթե պարզ ասենք՝ նացիստական ենթատեքստ է, որը նպատակ ունի Արցախի Հանրապետությունը զրկել խոշորագույն հարկ վճարողից և գործատուից: Չէ որ Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրում և կոմբինատում աշխատում են ավելի քան 1800 մարդ, ինչը կենսական անհրաժեշտություն է արցախցիների համար:

Հայկական կողմի թույլ չտալը ադրբեջանցի «բնապահպանների» մուտքը Դրմբոն և Կաշեն համարում եմ հիմնավորված: Եթե նույնիսկ ծագում են բնապահպանական հարցեր, Արցախի դեպքում նպատակահարմար կլիներ, որ դրանցով զբաղվեին անկախ, միջազգային մասնագետներ, և ոչ թե ադրբեջանական  «փորձագետներ»: Մեր արևելյան հարևանների կողմից, որպես «պատասխան քայլ», Բերձորի (Լաչինի) միջանցքը փակելը ցինիկ և անթաքույց պետական հանցագործություն է և 2020թ. նոյեմբերի 9-ին փաստաթղթի պայմանների խախտում: Պետք է հստակ հասկանալ, որ Ադրբեջանի նպատակը արցախցիների կյանքի համար անտանելի պայմանների ստեղծումն է, նրա 30 տարվա դե-ֆակտո պետականության ապամոնտաժումը ու հայերի տեղահանումը:

Հայկ Ակարմազյան- Այսօր հստակ երևում է, որ առաջիկա տարիներին բնական սպառվող ռեսուրսների շահագործման հարցում հետաքրքրությունները գնալով մեծանալու են: Կշեռքի մյուս նժարին էլ բնապահպանությունն է։ Ադրբեջանցի «բնապահպաններից» և ակցիաների տեսանյութերից երևում է, որ քաղաքական խնդիրների խելացի լուծումներ գտնելու ճգնաժամ ունեն և էժանորեն շահարկում են բնապահպանական շինծու հարցեր։ Այն դեպքում, երբ գլոբալ էկոլոգիական խնդիրները աշխարհում համամարդկային, սահմաններ չճանաչող և ամենակարևորն են համարվում, մեր հարևանները ծաղրում են բնապահպանական գաղափարները և դրանք օգտագործում են որպես քաղաքական խնդիրներ լուծելու մանրադրամ։

Բայց մենք կարող ենք օգտվել ստեղծված վիճակից։ Քանի դեռ իրենց համար մաքուր, կանաչ տեխնոլոգիաները ոչ թե կայուն աճի, սպասվող կլիմայական ճգնաժամերին դիմագրավելու լուծումներ են, այլ միջազգային հանրությանը մանիպուլացնելու, էմոցիաների և ընկալումներ վրա ազդելու պարզունակ հնարքներ, մեզ համար կայուն զարգացումն ու բնապահպանությունը պետք է համակարգային լուծումներ դառնան։

 2Ավելի քան երկու շաբաթ ընթացող գործընթացին հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները  համաչափ  արձագանքե՞լ են: 

Խաչատուր Մելիքսեթյան-Արցախի իշխանության կողմից շատ հստակ հայտարարվել է, որ հարցը բացառապես քաղաքական է և ես կարծում եմ, որ այս հարցով ադրբեջանական «բնապահպանների» հետ քննարկումները հակաարդյունավետ կլինեն, քանի որ այն մարդկանց համար, որոնք փակել են Հայաստանից Արցախ ճանապարհը, բնապահպանությունը վերջին տեղում է: Մեծ հարց է նաև՝ թե Հայաստանում, որոնք են, ինչպես դուք եք ասում, այդ «բնապահպանական կազմակերպությունները» պետական գերատեսչություննե՞րը, հետազոտական ինստիտուտնե՞րը, ԲՈՒՀ-երի բնապահպանության ամբիոննե՞րը, թե՞ հասարակական կազմակերպությունները։

Ինձ համար ակնհայտ է, որ բնապահպանությունը դա բարդ գիտություն է, որն ունի բազմաթիվ ճյուղեր, այդ թվում՝ երկրաբանական բնապահպանությունը: Հայաստանում շատ կան բնապահպանության տարբեր ուղղությունների լուրջ գիտնականներ և մասնագետներ, բայց հաճախ «բնապահպան» են դառնում պատահական մարդիկ, որոնք ոչ միայն չունեն գիտական աստիճան այդ բնագավառում, այլ նաև պրոֆիլային կրթություն և որոնք ոչ հազվադեպ զբաղվում են մանիպուլյացիաներով, որի ականատեսը մենք եղանք նաև Ամուլսարի դեպքում: Ես ներողություն եմ խնդրում այսքան կտրուկ գնահատականի համար, բայց փաստ է, որ դա այդպես է ոչ միայն Հայաստանում, կամ հենց նույն Ադրբեջանում: Ցանկանում եմ որպես օրինակ հիշեցնել, որ 2010թ. Մեքսիկական ծոցում, նավթի արդյունահանման հարթակի վրա աղետալի վթարի ժամանակ, երբ, ըստ տարբեր գնահատականների, ծովն է լցվել 5 մլն բարելից ոչ պակաս նավթ, իսկ նավթի բիծը ծովի մակերևույթին զբաղեցրել է 75 հազ. կմ2 տարածք (2,5 անգամ ավելի, քան ՀՀ տարածքն է), հայտնի միջազգային բնապահպանական  «Գրինփիս» կազմակերպությունը լուռ էր, իսկ 2013թ. այդ նույն «Գրինփիսի» ակտիվիստները փորձում էին խցկվել ռուսական նավթարդյունահանման ծովային հարթակ Արկտիկայում՝ նավթի արդյունահանումը խոչընդոտելու համար:

Ամեն երկրում կան նման փոքր և մեծ «գրինփիսներ», որոնք գործում են քաղաքական կամ տնտեսական որոշակի նպատակների հասնելու համար և հաճախ գործում են կեղտոտ, ոչ օրինական մեթոդներով, ինչպես օրինակ՝ ճանապարհներ փակելով և չգարշելով հազարավոր մարդկանց իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը խախտելուց: Բնապահպանությունից այս ամենը շատ հեռու է: Միտք ունի՞ նման մարդկանց հետ սկսել բնապահպանական քննարկումներ: 

Հայկ Ակարմազյան - Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ հանրությունն արձագանքում է։ Այս էժանագին ակցիաները թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում բնապահպանական ազնիվ շարժումներից հստակ տարբերակվում են։ Ինձ համար դա ավելի կարևոր է, քանի որ գիտակից հանրությանը դժվար է մանիպուլացնել։ Բազմաթիվ միջազգային կառույցներ են մտահոգություն հայտնել, որ այս ամենի հետևանքը կարող է բերել հումանիտար աղետի։ 

3Հայաստանյան տեղեկատվական դաշտ հաճախ սպրդում են նաև բնապահպանական կեղծ կամ չափազանցված լուրեր, որոնք առանց ստուգվելու ակտիվորեն տարածվում են։ Դրանցից վերջինը ԶՊՄԿ-ի շուրջ բարձրացած աղմուկը՝  իբրև թե պոչամբարի պայթյուն է տեղի ունեցել:  Հերքումից հետո, կեղծ լուրը շարունակում էր շրջանառվել, և արդյո՞ք հենց նման կեղծ տեղեկատվությունը չէ՞,  որ հետագայում մեր դեմ օգտագործում են մեր թշնամիները։

Խաչատուր Մելիքսեթյան- Մենք վաղուց գիտենք, որ Ադրբեջանը մեր դեմ մղում է հիբրիդային պատերազմ: Եվ «տեղեկատվական» պատերազմը և «բնապահպանականը»  հանդիսանում են դրա անքակտելի մասը: Մեզ պետք է հավասարակշռված կերպով պատասխանել նման հայտարարություններին և մղել «տեղեկատվական» և բնապահպանական» պատասխան պատերազմ թշնամու դեմ: Չէ որ հայտնի է, որ սուտը, իր տարբեր երևակումներով, ադրբեջանական պետականության հիմնասյուներից մեկն է, իսկ բնապահպանական տեսանկյունից Ադրբեջանը հանդիսանում է աշխարհի ամենաանբարենպաստ տարածաշրջաններից մեկը այն դեպքում, երբ Արցախը՝ ընդհակառակը, բնապահպանական տեսանկյունից մաքուր է:

Եթե ադրբեջանական «բնապահպանները» այդպես մտահոգված են բնության պահպանությամբ, թող զբաղվեն նավթի արդյունահանման ու քիմիական արդյունաբերության գործունեության աղետալի հետևանքներով հենց Ադրբեջանում, մասնավորապես՝ Բաքվի յոդի գործարանի և այլ տարածքների՝ ռադիոնուկլիդներով արդյունաբերական աղտոտումով, նավթով աղտոտված հողերի հսկայական տարածքների առկայությամբ և նավթի ու գազի գիշատիչ արդյունահանման ազդեցությամբ՝ Կասպից ծովի փխրուն բնապահպանության ու կենսոլորտի վրա:

Հայկ Ակարմազյան- Ինչպես նշեցի թիվ մեկ խնդիրը մեր երկրի ընդերքի հարստությունը պատասխանատու արդյունահանելու և երկրի զարգացմանը ճիշտ ուղղելու մեջ է։ Հայաստանն ունի մետաղական հանածոների հարուստ պաշարներ, լեռնային արդյունաբերության մշակույթ և պատմություն։ Ցավոք ոլորտը զերծ չէ նաև բնապահպանական բնույթի խնդիրներից, արտահոսքերից և վթարներից։ Ձեռնարկությունները պետք է հաշվետու գործեն՝ շահագրգիռ կողմերի և մասնագիտական հանրության լայն շերտերի մշտական մոնիթորինգի պայմաններում։ Դա հնարավորություն կընձեռի վերհանել տեխնոլոգիական խնդիրները, համատեղ ջանքերով քայլ առ քայլ գտնել արդյունավետ լուծումներ։ Կեղծ լուրերը, բանսարկությունները և «թշնամիները» իրենք իրենց կմաշվեն և կվերանան՝ հաջողությամբ իրականացված զարգացման ծրագրերի և շոշափելի ձեռքբերումների ֆոնին։

4Ինչո՞ւ մեր երկրում չի ձևավորվում  արդյունահանողների և բնապահպանների կառուցողական դիսկուրս։

Խաչատուր Մելիքսեթյան-Չեմ կարող այս հարցադրման հետ համաձայնվել ու չէի ցանկանա պատասխանել այս հարցին։ Նախ` հարցը պետք է ուղղել բնապահպաններին ու արդյունահանողներին։ Այստեղ միայն ասեմ ու պնդեմ, որ բնապահպանական դիսկուրսը պետք է ընթանա բացառապես պրոֆեսիոնալ հարթության մեջ։

Հայկ Ակարմազյան- Չնսեմացնելով քաղաքացիական շարժումների դերը՝ պետք է նշեմ, որ այդ դիսկուրսը անհնար է առանց բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ գիտություններին, միջազգային լավագույն փորձին և մասնագիտական տեղեկատվությանը տիրապետելու։ Քննարկումների ժամանակ շատ դեպքերում «փորձագետներն» են խոսում մասնագետների փոխարեն։ Մասնագիտական հարցերը պետք է քննարկել ակադեմիական միջավայրում և ջանք չխնայել, որ ձևավորվեն հարթակներ, որտեղ վիճելի հարցերի շուրջ կարելի է կոնսենսուս գտնել, փաստարկված պատասխաններ տալ հանրության հուզող հարցերին։

-Շնորհակալություն։