Գործարար, ուսումնական և հյուրի վիզաների տրամադրում Չինաստանում կպարզեցվի

Չինաստանի իշխանությունները երկիր մուտք գործողների համար նախատեսված կարանտինային սահմանափակումների մեղմացման առնչությամբ կպարզեցնեն օտարերկրացիներին գործարար, ուսումնական և հյուրի վիզաների տրամադրումը, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչությունը պարզաբանում է, որ միաժամանակ ծրագրվում է օպտիմալացնել հսկողությունը պետական սահմանի անցակետերում, ապահովել անդրսահմանային բեռնափոխադրումների վերականգնումը մինչև համավարակը գոյություն ունեցող մակարդակի: Բացի դրանից, ինչպես տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն, երկրի իշխանությունները ծրագրված կերպով, աստիճանաբար կավելացնեն չինացի զբոսաշրջիկների միջազգային հոսքը։
Դեկտեմբերի սկզբին Չինաստանը մեղմացրել է հակաքովիդային սահմանափակումները, ինչից հետո երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է:
Ինչպես նշում են բժշկական փորձագետները, դրանք թուլացած շտամներ են. հիվանդությունը սովորաբար ընթանում է մեղմ ձևով, մահվան հավանականությունը չափազանց փոքր է։ Հաշվի առնելով սա՝ Չինաստանի կառավարությունը հունվարի 8-ից Էապես կթուլացնի կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար:
Աղբյուրը՝ b24.am