Հոգատարություն, որը ժամանակի ընթացքում վերածվում է միմյանց նկատմամբ վստահության․ «ՌԵԳՈ»-ն 2023-ին նոր առաջարկներով հանդես կգա
Հաճախորդներին հայտնի «ՌԵՍՈ» ընկերությունը վերանվանվել է «ՌԵԳՈ» Ապահովագրական ընկերության։ Առաջիկայում ՌԵԳՈ-ն մտադիր է մեծացնել գործունեության ծավալները՝ նպաստելով Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկայի զարգացմանն ու ապահովագրական մշակույթի կայացմանը: Ներկայումս ընկերությունը իրավաբանական ու ֆիզիկական անձանց ապահովագրության տասը տեսակ է առաջարկում՝ գույքի (հրդեհ, բնական աղետներ, գույքին հասցված վնաս) ապահովագրությունից մինչև ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն։ Ինչպե՞ս է ընկերությունը փակում 2022 թվականը և ի՞նչ է առաջարկելու հաճախորդներին 2023-ին: Հարցազրույց «ՌԵԳՈ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանի հետ։
-«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում բաժնետիրոջ փոփոխություն է եղել, և ընկերությունը վերանվանվել է «ՌԵԳՈ» ապահովագրական ընկերության: Արդյո՞ք ռեբրենդինգը ենթադրում է միայն ոճային թարմացում, թե՞ պետք է ակնկալել նաև ծառայությունների ընդլայնում և որակական փոփոխություն։
-Ընկերության նոր անվանումը պատահական չէ ընտրված։ «ՌԵԳՈ»՝ այսինքն «Re Go», թարգմանաբար նշանակում է «նոր սկիզբ», «նոր ընթացք», «նոր ուղի»: Միաժամանակ մենք պահպանելու ենք ընկերության ձեռքբերումները և անցած ճանապարհը ապահովագրական շուկայի կայացման գործում։ Հետևաբար` նոր փոփոխություններ սպասվում են՝ ինչպես նոր և արդիական ապահովագրական ծառայությունների ներդրման մասով, այնպես էլ ավելի հաճախորդամետ սպասարկման որակի մասով։ Փոփոխությունների մի մասն արդեն իրականացված են, մնացածը, որն ավելի ընդգրկուն մաս է կազմում, կիրականացնենք 2023 թվականի ընթացքում։
-Ի՞նչն է ընկած ընկերության նոր կարգախոսի՝ Ապագան ապահով է (The Future is Safe)–ի հիմքում։
-Ապահովագրության գաղափարն ինքնին հիմնված է ապահովության, անվտանգության և վստահության վրա: Բոլորիս համար շատ կարևոր է հոգ տանել մեր և մեզ հարազատ մարդկանց առողջության, գույքի մասին: Ուստի կարգախոսի հիմքում ընկած է հաճախորդների հանդեպ հոգատարության գաղափարը, որը ժամանակի ընթացքում վերածվում է միմյանց նկատմամբ վստահության։
-Վերաբրենդավորումից հետո ինչպե՞ս են կարգավորվում ապահովագրական պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:
-Ընկերության անվանափոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա ստանձնած պարտավորությունների կատարման մասով։ Բոլոր գործող ապահովագրության պայմանագրերն առանց որևէ վերաձևակերպման կամ լրացուցիչ գործողությունների կսպասարկվեն «ՌԵԳՈ» ապահովագրականի կողմից, իսկ արդեն նոր կնքվող վկայագրերում ընկերությունը՝ որպես ապահովագրող, հանդես կգա նոր անվանմամբ՝ «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ, այսինքն՝ որևէ լրացուցիչ հոգս մեր հաճախորդների համար չենք ստեղծում։ Առաջիկայում գործող պայմանագրերը կավարտվեն, նորերը կկնքվեն նոր անվանմամբ։
-Պարոն Մկրտչյան, Դուք նախկինում զբաղեցրել եք ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը, ուստի կխնդրեմ ամփոփել անցնող՝ 2022-ը։
-2022 թվականը բուռն ու հագեցած տարի էր։ Սա, մասնավորապես, պայմանավորված էր երկրի տնտեսական ակտիվությամբ (2022թ 11 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 14․4 տոկոս)։ Մեր ընկերության մասով էական ազդեցություն են ունեցել շինարարության, բեռնափոխադրումների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում գրանցած բարձր աճը, որն արտացոլվել է երկնիշ տոկոսային աճով գույքի, բեռների և ճանապարհորդության ապահովագրության մասով։ Չմոռանանք նաև ԱՊՊԱ պրոդուկտի մասով տարեսկզբին իրականացված փոփոխությունները, որը, թերևս, մեր պորտֆելում մեծ մասնաբաժին է կազմում։ Ամփոփելով անցնող տարին արդեն մեր ընկերության մասով՝ կցանկանայի նշել, որ կարողացել ենք պահպանել ապահովագրական շուկայի մասնաբաժինը՝ շահույթի դրական ցուցանիշ արձանագրելով։
Ընկերությունն ունի շուրջ 150 գործակալ, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ-ում և Արցախում։
-2023թ հունվարի 1-ից ԱՊՊԱ-ի ոլորտը ազատականացվում է։ Ի՞ն չ է այն իրենից ներկայացնում։
-Շատ կարևոր է, որ սպասվող փոփոխությունները հասկանալի լինեն մեր հաճախորդների ու ամբողջ համակարգի համար։ Ամենակարևորը՝ յուրաքանչյուր անձ՝ ֆիզիկական, թե իրավաբանական, պետք է սեփական օրինակի վրա տեսնի փոփոխությունները։ ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների գնագոյացման նոր մոդելը, որը ընկերությունից ընկերություն տարբերվելու է, հնարավորություն կստեղծի ամբողջ համակարգի բեռն առավել արդարացի բաշխելու։ Սա նշանակում է, որ կլինեն ապահովագրավճարների փոփոխություններ՝ դեպի ներքև առավել բարեխիղճ և օրինակելի վարորդների համար, և դեպի վերև ՝ ոչ օրինակելի վարքագծով աչքի ընկնող ապահովադիրների համար։ Նպատակը մեկն է՝ ստանալ որակապես նոր ծառայություններ, որն իսկապես կբավարարի ապահովագրական շուկայի բոլոր մասնակիցների պահանջները։ Ինքս վստահ եմ, որ նոր նշաձող կսահմանվի ծառայության որակի մասով։ Ցանկացած դեպքում այս փոփոխություններն առավելապես դրական ազդեցություն են ունենալու ամբողջ համակարգի վրա։ ԱՊՊԱ-ի մասով առաջարկվում է փոփոխություններ կատարել ապահովագրավճարներում։ Եթե այժմ բոլոր վեց ընկերությունները միատեսակ չափանիշներով տրանսպորտային միջոցների համար միևնույն սակագինն են առաջարկում, այս դեպքում յուրաքանչյուր ընկերություն ունի իր սեփական մոդելը, որի հիման վրա կձևավորվի վերջնական ապահովագրավճարի չափը, փոքր-ինչ մրցակցություն կառաջացնի նաև ապահովագրական ընկերությունների միջև, որը, թերևս, ծառայության որակի վրա դրական ազդեցություն կունենա։
- Ինչպե՞ս ու ի՞ նչ մեթոդներով է ընկերությունը մտադիր ամրապնդել շուկայում իր դիրքերն ու ընդլայնել ապահովագրության ծավալները:
-Այս պահին մշակվում են ապահովագրական ծառայությունների նոր տեսակներ, որոնք հաճախորդներին հասանելի կլինեն արդեն 2023 թվականի սկզբին։ «ՌԵԳՈ»-ի գործակալական ցանցը և վաճառքի տնօրինությունները 2023 թվականին, այսպես ասենք, ստիպված կլինեն առավել սերտ շփման մեջ լինել հաճախորդների հետ։ Իսկ ապահովագրական մշակույթի ամրապնդման համար ընկերությունը 2023թ առաջին եռամսյակի ընթացքում կոնֆերանս քննարկում կանցկանցի, որտեղ էլ կներկայացվեն ՌԵԳՈ ընկերության առաջիկա պլանները, տեսլականը, ռազմավարությունը, ինչպես նաև կքննարկվեն ապահովագրական շուկայի զարգացման հետագա ուղիները։ Փակագծերը շատ չբացելով՝ ասեմ, որ առաջարկելու ենք ապահովագրական ծառայություններ, որոնք ավելի շատ ուղղված են լինելու մանրածախ վաճառքներին։ Մեր ռազմավարության ու առաքելության հիմքում ընկած է այն թեզը, որ ավելի շատ մարդ ընդգրկվի ապահովագրության գործընթացում, որպեսզի կարողանանք նպաստել ընդհանուր շուկայի զարգացմանը։ Բնականաբար ունենք նաև որոշակի փաթեթներ, որոնք ուղղված կլինեն կորպորատիվ հաճախորդներին։ Փաթեթների մի մասը կլինի նոր, մի մասը՝ ձևափոխված:
-Ի՞նչ կցանկանայինք փոխել ապահովագրական շուկայում և ո՞րն է Ձեր պլանավորած նշաձողը՝ ինչպես ծավալի, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակի տեսանկյունից։
-Կցանկանամ ապահովագրական շուկայի նկատմամբ հասարակության լիակատար վստահությունը տեսնել, քանզի ժամանակները փոխվում են, իսկ ապահովագրական ծառայությունները դառնում են մեր կյանքի անբաժանելի և ամենաանվտանգ գործընկերը։ Նպատակներից մեկն էլ մեր ընկերությանը ամենացանկալի գործատուների շարքում տեսնել է: Մեզ համար չափազանց կարևոր է լինել գնահատված հաճախորդների և մեր թիմի կողմից:
-Շնորհակալություն, հետաքրքիր զրույցի համար։