Կոտայքի մարզում կկառուցվի Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն

Կոտայքի մարզում կկառուցվի Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն

Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Ջրվեժ գյուղը չունի ակումբ, ժամանցի այլ վայրեր։

Գյուղում գործող հանրակրթական միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված են նաև մանկական երաժշտական դպրոցը, Գառնիի մենապայքարային մարզաձևերի ըմբշամարտի մարզադպրոցի Ջրվեժի մասնաճյուղը։ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ավելի քան 1300 աշակերտ, սակայն դպրոցը չունի դահլիճ։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա համայնքում ունենալ համայնքի սեփականությունը համարվող շինություն, որտեղ տեղակայված կլինեն հանդիսությունների դահլիճ, մանկական երաժշտական դպրոց, միջնակարգ դպրոցի տարրական դասարանների և նախադպրոցական խմբերի աշակերտների համար ճաշարան, գրադարան–ընթերցասրահ, տեխնոլոգիայի արհեստանոցներ, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության, արհեստների զարգացման, պարի և այլ խմբակների համար նախատեսվող տարածքներ։ Կենտրոնի ստեղծումը համայնքում կօժանդակի ուսումնական ծրագրերի, մշակույթի զարգացմանը, երեխաների զբաղվածության բարձրացմանը, նրանց դաստիարակության կազմակերպմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը։ Սահմանվել է նաև, որ համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով իրականացվող աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թ.-ին և կտևի 3 տարի, որի նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակում կիրականացվի 763 487 040 դրամի ներդրում, որից 496 266 576 դրամը համայնքի բյուջեի միջոցների հաշվին։

Մեկ այլ որոշմամբ էլ հավանություն է տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կողմից ներկայացված Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու ծրագրին: Այդ նպատակի համար բնակավայրում գտվող հողամասը նվիրաբերվել է համայնքին: