Համաշխարհային բանկը գլոբալ ճգնաժամների լուծման համար նոր «ճանապարհային քարտեզ» է մշակել

Համաշխարհային բանկը գլոբալ ճգնաժամների լուծման համար նոր «ճանապարհային քարտեզ» է մշակել

Համաշխարհային բանկը մտադիր է էապես ընդլայնել վարկային հնարավորությունները՝ կլիմայի փոփոխության եւ այլ գլոբալ ճգնաժամների խնդիրների լուծման համար, հաղորդում է Reuters-ը։

ՀԲ-ն ապրիլին բաժնետերերի հետ բանակցություններ կանցկացնի, կքննարկի առաջարկները, որոնք ներառում են կապիտալի մեծացում եւ վարկավորման նոր գործիքներ՝ համաձայն «էվոլյուցիայի ճանապարհային քարտեզի»։

«Ճանապարհային քարտեզի» փաստաթուղթը, որն ուղարկվել է բաժնետեր երկրների կառավարություններին, ազդարարում է նոր բանակցային գործընթացի սկիզբը՝ փոխելու բանկի առաքելությունն ու ֆինանսական ռեսուրսները եւ հեռանալու կոնկրետ երկրների վարկավորման մոդելից եւ նախագծերից, որոնք օգտագործվել են դրա ստեղծման պահից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին:

Փաստաթղթի համաձայն՝ ՀԲ ղեկավարությունը մտադիր է հոկտեմբերին Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի զարգացման համատեղ կոմիտեի կողմից հաստատման համար կոնկրետ առաջարկներ պատրաստել իր առաքելության, գործառնական մոդելի եւ ֆինանսական հնարավորությունների փոփոխության վերաբերյալ: Համաշխարհային բանկի խոսնակը նշել է, որ փաստաթղթի նպատակն է մանրամասն տեղեկատվություն տրամադրել էվոլյուցիայի մաստշաբների, մոտեցման եւ ժամանակացույցի վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ զարգացման վարկատուն կուսումնասիրի այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են կապիտալի հնարավոր նոր աճը, կապիտալի կառուցվածքի փոփոխությունները՝ վարկավորման ծավալը մեծացնելու համար, եւ ֆինանսավորման նոր գործիքները, ինչպիսիք են մասնավոր հատվածի վարկային երաշխիքները եւ մասնավոր կապիտալի ավելի մեծ ծավալի մոբիլիզացիայի այլ միջոցները։

Այնուհանդերձ, Համաշխարհային բանկի խումբը պատրաստ չէ զիջել որոշ ոչ առեւտրային կազմակերպությունների պահանջներին, հրաժարվել իր վաղեմի բարձր մակարդակի վարկային վարկանիշից՝ վարկավորման ծավալները մեծացնելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կոչ է արել Համաշխարհային բանկին եւ այլ կազմակերպությունների վերանայել իրենց բիզնես մոդելները՝ վարկավորման ծավալը մեծացնելու եւ մասնավոր կապիտալ ներգրավելու համար։ Բանկը հայտնել է, որ դիտարկվող առաջարկները ներառում են վարկավորման օրենքով սահմանված սահմանաչափերի բարձրացում, սեփական եւ փոխառու միջոցների հարաբերակցության նկատմամբ պահանջների նվազեցում եւ փոխառու կապիտալի ՝ անդամ երկրների կառավարությունների կողմից գրավադրված, բայց չներառված գումարների վարկավորման համար օգտագործում։ Զարգացման փորձագետների կարծիքով՝ նման անցումը զգալիորեն կբարձրացնի վարկավորման ծավալը ներկայիս կապիտալի կառուցվածքի համեմատ, որն օգտագործում է միայն վճարված կապիտալը: «Ճանապարհային քարտեզի» փաստաթղթում նախազգուշացվում է, որ կլիմայի փոփոխության, առողջապահության, պարենային անվտանգության եւ այլ կարիքների վարկավորման համար կարող է անհրաժեշտ լինել կապիտալի ավելացում՝ Համաշխարհային բանկի վարկային ստորաբաժանման՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կարողությունները բարձրացնելու համար, որը զբաղվում է միջին եկամուտ ունեցող երկրների վարկավորմամբ:   

2018 թվականին ՎԶՄԲ-ի 13 միլիարդ դոլար կապիտալի ավելացումը «նախատեսված էր մեկ տասնամյակի ընթացքում մեկ միջին ճգնաժամի պատրաստ լինելու համար, այլ ոչ թե մի քանի ճգնաժամների, որոնք համընկնում են միմյանց հետ», ներառյալ COVID-19 համավարակը, Ուկրաինայում պատերազմը եւ կլիմայի արագացող փոփոխության հետեւանքները, ասվում է փաստաթղթում: ՎԶՄԲ-ի բուֆերային պահուստները ճգնաժամի դեպքում, ամենայն հավանականությամբ, կսպառվեն մինչեւ 2023 թվականի կեսերը, ասվում է փաստաթղթում: Մեկ այլ տարբերակ, ըստ «ճանապարհային քարտեզի», այն է, որ Համաշխարհային բանկի բաժնետեր երկրները մեծացնեն աղքատ երկրների համար վարկատու հիմնադրամում՝ Զարգացման միջազգային ասոցիացիայում, պարբերական ներդրումները։

Ճանապարհային քարտեզը նաեւ առաջարկում է միջին եկամուտ ունեցող երկրների համար նոր արտոնյալ վարկավորման հավատարմագրային ֆոնդի ստեղծման տարբերակ, որը կենտրոնացած կլինի գլոբալ հանրային ապրանքների վրա եւ իր կառուցվածքով նման կլինի ԶՄԱ-ին, ֆինանսավորման կանոնավոր համալրմամբ, որը կբաժանվի բանկի կապիտալի կառուցվածքից:

Բանկը հայտարարել է, որ կլիմայի վարկավորման ավելացման իր առաքելության էվոլյուցիան՝ պահպանելով զարգացման լավ արդյունքները, կպահանջի լրացուցիչ անձնակազմ եւ բյուջետային ռեսուրսներ, որոնք վերջին 15 տարվա ընթացքում իրական արտահայտմամբ կրճատվել են 3 տոկոսով։   

Աղբյուրը՝   news.am