Վերլուծաբանները 2023 թ.-ին Ռուսաստանի տնտեսության անկում են կանխատեսել

Վերլուծաբանները 2023 թ.-ին Ռուսաստանի տնտեսության անկում են կանխատեսել

Ռուսաստանի տնտեսությունը կշարունակի կրճատվել 2023 թ.-ին, թեև անկման տեմպերը կդանդաղեն՝ անցյալ տարվա 2,8%-ից հասնելով 2,5 %-ի: Այս մասին է վկայում կոնսենսուսային կանխատեսումը, որը РИА Новости գործակալությունը կազմել Է վերլուծաբանների հարցման հիման վրա:

Գարնանը ՌԴ-ի դեմ բազմաթիվ պատժամիջոցների սահմանումից հետո ինչպես ռուսական գերատեսչությունները, այնպես Էլ միջազգային կազմակերպությունները տնտեսության վերաբերյալ մեկը մյուսից ավելի հոռետեսական կանխատեսումներ էին անում։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը նախորդ տարվա արդյունքներով սպասում էր Ռուսաստանի ՀՆԱ-ի անկում 7,8%-ով (ինչպես ճգնաժամային 2009 թվականին), Ռուսաստանի բանկը՝ 8-10%-ով, իսկ շուկայի մի շարք վերլուծաբաններ խոսում էին 10%-ից բարձր ցուցանիշների մասին: Մինչև ամառ կանխատեսումներն սկսեցին վերանայել, իսկ մինչև աշուն դրանք զգալիորեն բարելավվեցին։ Ըստ փորձագետների՝ այս տարի Ռուսաստանի տնտեսության համար հիմնական հնարավոր սահմանափակումները լինելու են արտաքին առևտուրը՝ նավթային պատժամիջոցների և մյուս երկրներում աճող խնդիրների պատճառով, ինչպես նաև աշխատաշուկայում դեֆիցիտը:

«2023 թ.-ի կանխատեսումը ենթադրում է, որ ռուսական նավթի և նավթամթերքի նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև նավթի ցածր գների ֆոնին ՀՆԱ-ի դինամիկայի հիմնական արգելակ կհանդիսանա արտաքին առևտուրը: Արտահանման ակնկալվող անկումը կլրացվի վերականգնվող ներմուծմամբ, ինչը կարող է հանգեցնել առաջին կիսամյակում տնտեսական անկման տեմպերի արագացման», - կարծում Է «Զենիթ» բանկի վերլուծական վարչության ղեկավար Վլադիմիր Եվստիֆեևը։

«Աբսոլյուտ» բանկի վարչական մարմնի փոխնախագահ Անտոն Պավլովն այն կարծիքին է, որ 2023 թվականին համաշխարհային տնտեսության խնդիրները կարող են բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի տնտեսության վրա։

«Այժմ աշխարհի ավելի քան 70 երկիր ինչպես Եվրոպայում, այնպես էլ մյուս մայրցամաքներում, բախվել են գնաճի ռեկորդային մակարդակի, ունեն էներգակիրների պակաս, ինչը կազդի համաշխարհային տնտեսության աճի վրա: Ու թեև այժմ մեր երկիրը միջոցներ Է ձեռնարկում ներքին ռեսուրսների հաշվին զարգանալու ուղղությամբ, համաշխարհային անկումն, այնուամենայնիվ, ճնշում է գործադրում նաև մեր տնտեսության վրա», - նշել Է նա։

Աղբյուրը՝   armenpress.am