Պայմանների խելացի հարմարեցում՝ հաշմանդամություն ունեցողների համար. հունվարի 1-ից գործում է նոր կարգ

Պայմանների խելացի հարմարեցում՝ հաշմանդամություն ունեցողների համար. հունվարի 1-ից գործում է նոր կարգ

Կառավարության կողմից հաստատված խելամիտ հարմարեցումների տրամադրման մասին կարգն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Ըստ կարգի, բոլոր այն հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք կլինեն ուսանող կամ աշխատող, կարող են պահանջել խելամիտ հարմարեցումներ կրթական հաստատությունում, աշխատավայրում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը  նշեց, որ նպատակ ունեն ապահովել համապատասխան պայմաններ, որ անձն, անկախ հաշմանդամության տեսակից, կարողանա հավասարապես իրականացնել թե ուսումնական, թե աշխատանքային գործունեության իր գործառույթները:

«Ի՞նչ է պահանջվում հաշմանդամություն ունեցող անձից: Եթե խոսում ենք ուսումնական հաստատությունների մասին, ապա ընդունվողը կամ արդեն սովորող անձն, ունենալով որոշակի կարիքներ, կարող է դիմում ներկայացնել հաստատության ղեկավարին՝ նշելով, որ ունի պայմանների խելամիտ հարմարեցման անհրաժեշտություն: Եվ նա պետք է ներկայացնի, թե ինչպես է դա պատկերացնում: Նույն տիպի դիմումով հաշմանդամություն ունեցող անձը նաև կարող է դիմել գործատուներին: Գործատուն և ուսումնական հաստատությունը պարտավոր են ապահովել պայմանների խելամիտ հարմարեցում: Նոր կարգավորումները պարտադիր են գործատուների ու ուսումնական հաստատությունների ղեկավարների համար»,-ասաց նախարարության մասնագետը:  

Հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմանները հարմարեցնելու գործընթացում գործատուներն ու ուսումնական հաստատությունները միայնակ չեն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն տվյալ հարմարեցումները ապահովելու համար:

«Ի՞նչ ենք հասկանում խելամիտ հարմարեցումներ ասելով: Պարզ է, որ խելամիտ հարմարեցումները պետք է լինեն տրամաբանության սահմաններում: Օրինակ, թեքահարթակ, սեղանի համապատասխան բարձրություն, մուտքի ապահովում, աշխատավայրում, ուսումնական հաստատությունում շարժի անարգել ապահովում, սանհանգույցի պայմանների ապահովում և այլն»,-ասաց Քրիստինա Հովհաննիսյանը:

Եթե գործատուն կամ ուսումնական հաստատության ղեկավարը մերժում է խելամիտ հարմարեցումներ ապահովելու հարցը, ապա այդ մերժումը պետք է լինի հիմնավորված: Եթե մերժումն անգործության հետևանք է, գործատուն կամ ուսումնական հաստատության ղեկավարը ոչինչ չի ձեռնարկում, ապա դա կդիտարկվի վեճ և կլուծվի օրենքով սահմանված կարգով, դատարանով:   

Քրիստինա Հովհաննիսյանն ընդգծեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ ունենան հավասար իրավունք, որպեսզի կարողանան լիարժեք ներգրավված լինել և՛ աշխատաշուկայում, և՛ ուսումնական հաստատություններում, ինչն իրավունքահեն մոտեցում է:

Աղբյուրը՝   armenpress.am