Կառավարությունը 6 ամսով արգելեց ցեմենտի ներմուծումը

Կառավարությունը 6 ամսով արգելեց ցեմենտի ներմուծումը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում որոշեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր (6 ամսով) սահմանափակում կիրառել, նաեւ սահմանեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2022 թվականի հունիսի 9-ին կառավարությունը 6 ամիս ժամկետով սահմանափակումներ էր կիրառել ցեմենտի և կլինկերի ներմուծման վրա:

Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ 2022-ի 10 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 803.5 հազ. տոննա ցեմենտ, ինչը 14.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի ներքին շուկան և hաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում շուկայում տեղի ունեցած փոփոխությունները (մասնավորապես՝ Իրանից ներմուծվող ցեմենտի ծախսերի ավելացման հետևանքով տեղական շուկայում ներմուծվող ցեմենտի գների աճը, ինչպես նաև տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների կողմից, չնայած արտադրանքի ծավելների ավելացմանը, ոչ բավարար քանակի ցեմենտի առաջարկը, ինչը չէր բավարարում ներքին շուկայում առաջացած պահանջարկը) և նպատակ ունենալով ստեղծելու ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտ՝ կատարվել են պետական տուրքի չափերի փոփոխություններ, որի արդյունքում նվազեցվել է երրորդ երկրներից ցեմենտի յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքը՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով (նախկին 14000-ապատիկի փոխարեն), իսկ կլինկերի ներմուծման համար լիցենզիա ստանալու և պետական տուրք վճարելու պահանջը չեղարկվել է։

Առաջարկվող նախագծով սահմանվել են օրենքի համապատասխան կարգավորումները  և գտնում ենք, որ ներկայիս կարգավորումը համապատասխանում է ցեմենտի շուկայի պահանջներին։

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Օրենքի ընդունման արդյունքում ներմուծումներ են կատարվում նաև Վրաստանից (նախկինում ներմուծումները կատարվում էին միայն Իրանից)՝ կատարվել է նաև փոփոխություն լիցենզիայի տրամադրման նպատակով ներմուծողների կողմից լրացվող հայտում, ինչը հնարավորություն է ընձեռնում տնտեսվարողներին նշել ներմուծման մեկից ավելի երկրներ։

Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկվում է լիցենզիայի տրամադրման գործընթացը առաջարկվող կարգավորումներով սահմանել 6 ամիս ժամկետով:

Սույն նախագծի ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցության ապահովմանը։

Աղբյուրը՝   news.am