Քաղաքացին բանկից պահանջել է արգելանքից հանել իր անշարժ գույքը և հաղթել դատարանում

Քաղաքացին բանկից պահանջել է արգելանքից հանել իր անշարժ գույքը և հաղթել դատարանում

Արշալույս Ս․-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Էմիլյա Ժ․-ի և «Էվոկաբանկ»-ի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող 0,1786 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը արգելանքից հանելու պահանջի մասին։ Գործը քննվել է պարզեցված վարույթի կարգով, այն մակագրվել է դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանին։

Դիմելով դատարան` հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ իր վստահորդի՝ Արշալույս Ս․-ի և Էմիլյա Ժ․-ի  միջև 2021 թվականին նոտարական վավերացմամբ կնքվել է անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որի թիվ 1 կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդը, որպես սեփականություն ձեռք է բերում անշարժ գույք՝ 0,1786 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս։

Ասված է նաև, որ նշված անշարժ գույքը վաճառված, գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում: Հայցվորը պայմանագիրը կնքելուց 4 օր անց, ներկայացել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, դիմում է գրել, վճարել պետտուրքը և հանձնել է անհրաժեշտ փաստաթղթերը: Ի պատասխան նշված դիմումի կոմիտեն մերժել է հայցվորի սեփականության իրավունքի պետական գրանցումը, պատճառաբանելով, որ ԴԱՀԿ որոշման հիման վրա առկա է գրանցված արգելանք: Արշալույս Ս․-ն պահանջել է դատարանից իրեն պատկանող անշարժ գույքն արգելանքից հանել:

Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան և/կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել, չի ներկայացվել նաև առարկություններ, ապացույցներ, ինչպես նաև այլ միջնորդություններ:

Դատարանը բավարարել է հայցվորի պահանջը և նրան պատկանող անշարժ գույքը հանել է արգելանքից։

Պատասխանողներից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Վճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ։

Աղբյուրը՝   iravaban.net