Փաշինյանը տեսնում է բոլոր հիմքերը այս տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար

Փաշինյանը տեսնում է բոլոր հիմքերը այս տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար

Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։

 Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայտնի է, թե 2022 թվականին որքա՞ն է կազմել Հայաստանի ՀՆԱ-ն և որքանո՞վ է դրան նպաստել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը, որքա՞ն է ՀՆԱ-ի աճը ծրագրվում այս տարի և ի՞նչ հաշվարկ կա դրա հիմքում, արդյոք դիտարկվել են Ուկրաինայի պատերազմով պայմանավորված ռիսկերն ու հնարավորությունները։

«Վիճակագրական կոմիտեն է այն լիազոր մարմինը, որը պետք է հրապարակի 2022 թվականի տվյալները։ Ենթադրում եմ, որ դա կլինի 12,5-13 տոկոսին մոտ։ Այն, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված քաղաքացիների դերը շատ էական է, դա ևս ակնհայտ է։ Մենք մինչև ձեզ հայտնի իրադարձությունները 2022 թվականի համար նախատեսել էինք 7 տոկոս տնտեսական աճ, բայց փաստորեն շատ ավելին է ստացվել, ինչի համար ուրախ ենք։

2023 թվականի համար ևս 7 տոկոս տնտեսական աճ ենք նախատեսել։ Եվ պետք է աշխատենք այդ աճը առնվազն ապահովելու համար։ Ունենք դինամիկա տնտեսության մեջ, բավարար քայլեր ենք արել, որ ապահովենք»,- ասաց վարչապետը։

Վարչապետը նաև ներկայացրեց Կառավարության ձեռնարկած քայլերը տնտեսական աճը ապահովելու համար։

«10 միլիարդ դրամ փաթեթով աջակցություն ցուցաբերեցինք բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որը կարծում ենք ոչ միայն Հայաստան տեղափոխված մասնագետներին կպահի Հայաստանում, այլ նաև նոր ներհոսք կապահովի։

Այս տարի 30,6 միլիարդ դրամ եկամտային հարկի գծով վերադարձրել ենք մարդկանց, ովքեր բնակարաններ են ձեռք բերել։ Տեսեք, այսօր Երևան քաղաքում և Հանրապետությունում շինարարական բում է, և դա շատ կարևոր է։ Եվ կարևոր է, որ տնտեսական աճը միայն շինարարության հաշվին չէ, այլ նաև ծառայությունների, արդյունաբերության, էներգետիկ շուկայի ազատականացման հաշվին է, որոնք շատ լուրջ, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են, որոնք էլ իրենց հերթին ապահովում են շատ լուրջ տնտեսական դինամիկա, և բոլոր հիմքերը կան կարծելու, որ 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Աղբյուրը՝   armenpress.am