Ստեփանակերտում և շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից պարենային ապրանքներ են ստանում

ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը  տեղեկացնում է, որ այն խանութներում, որտեղ առաջին խմբաքանակը տրամադրվել է, արդեն երկրորդ շրջայցի ժամանակ չի տրամադրվում՝ տրամադրվում է այն խանութներին, որտեղ չեն տրամադրել: Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացում է նույն սկզբունքով ու նույն գնով:
Ապրանքատեսակների առաքումն ապահովող գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը քաղաքացիներին հորդորում է իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար  առևտրի կետերը կարող են  սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է, որ ավելի բարձր գնով վաճառած տնտեսվարողները կզրկվեն ապրանքի մատակարարումից:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատանքային խումբը ամենօրյա հսկողություն է իրականացնում առևտրի կետերում: Խոշորացույցի տակ են ոչ միայն գները, այլև այն, որ ստացված ապրանքատեսակներն ամբողջությամբ հասնեն սպառողներին:
   
Հաշվի առնելով առևտրի կետերի քանակը՝ գերատեսչությունը նաև ահազանգերի հետքերով է բացահայտում կարգազանց տնտեսվարողներին:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի թեժ գծի հեռախոսահամարը՝   (047)95-95-55: