2022 թվականը Եվրոպայում երկրորդ ամենատաք տարին է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում

2022 թվականը Եվրոպայում երկրորդ ամենատաք տարին է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում

2022 թվականը Եվրոպայում երկրորդ ամենատաք տարին է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում, ասում են Եվրոպական միության գիտնականները, քանի որ կլիմայի փոփոխությունը առաջացրել է ռեկորդային էքստրեմալ եղանակային երեւույթներ, որոնք հանգեցրել են բերքատվության նվազման, գետերի ծանծաղման եւ հազարավոր մահերի:

ԵՄ կլիմայի փոփոխության Copernicus ծառայությունը (C3S) հայտարարել է, որ 2022 թվականը նաեւ աշխարհի հինգերորդ ամենատաք տարին է փոքր տարբերությամբ:

C3S-ի գրառումները սկսվում են 1950 թվականից, սակայն այլ տվյալների հավաքածուները հաստատում են, որ 2022 թվականը աշխարհի հինգերորդ ամենատաք տարին է եղել առնվազն 1850 թվականից:

Ըստ C3S-ի՝ անցած ութ տարիները եղել են ութ ամենաշոգ տարիները: Այժմ մոլորակը 1,2 աստիճանով ավելի տաք է, քան նախաարդյունաբերական ժամանակներում՝ մարդու կողմից առաջացած կլիմայի փոփոխության հետեւանքով: Վերջին երեք տասնամյակների ընթացքում Եվրոպայում ջերմաստիճանը ավելի քան կրկնապատկել է՝ համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ:

Անցած ամառը ռեկորդային ամենաշոգն է եղել Եվրոպայում դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ գերազանցելով ջերմաստիճանի ռեկորդները այնպիսի երկրներում, ինչպիսին են Իտալիան, Իսպանիան եւ Խորվաթիան: Ջերմության ուժեղ ալիքները մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում, ավելի քան 20 000 «ավելորդ» մահվան պատճառ են դարձել։

Անձրեւի անբավարարության հետ մեկտեղ շոգը լայնածավալ երաշտ է առաջացրել, որը նախնական վերլուծությամբ գնահատվել է որպես Եվրոպայում վերջին 500 տարվա ամենաուժեղ երաշտ: Ջրի ցածր մակարդակը հետաձգել է նավափոխադրումները Գերմանիայի Հռենոս գետով, մինչդեռ անձրեւի բացակայությունը հարվածել է հիդրոէլեկտրակայանների արտադրությանը եւ իջեցրել եգիպտացորենի ու սոյայի բերքատվությունը:

Շոգ եւ չոր շրջանը ինտենսիվ անտառային հրդեհներ է առաջացրել Իսպանիայից մինչեւ Սլովենիա, ինչը ԵՄ-ում եւ Մեծ Բրիտանիայում ավելի շատ արտանետումներ է առաջացրել, քան վերջին 15 տարվա ցանկացած ամառ:

Համաշխարհային ջերմաստիճանը կդադարի աճել միայն այն դեպքում, եթե երկրներն իրենց արտանետումները կրճատեն մինչեւ «զուտ զրո»:

ԵՄ 27 երկրները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան եւ այլ երկրներ, խոստացել են հասնել այս նպատակին մինչեւ 2050 թվականը, մինչդեռ Չինաստանն ու Հնդկաստանը մտադիր են հասնել դրան ավելի ուշ։

Չնայած այս երկարաժամկետ խոստումներին, համաշխարհային արտանետումները շարունակում են աճել: Ըստ C3S-ի՝ մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան 2022 թվականին միջինը կազմել է մոտ 417 մասինկի միլիոնում, որը ամենաբարձր մակարդակն է ավելի քան 2 միլիոն տարվա ընթացքում:

Աղբյուրը՝   news.am