Հայաստանում վատ համբավ ունեցող ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից. օրինագծի քննարկում

Հայաստանում վատ համբավ ունեցող ավիաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից. օրինագծի քննարկում

Հայաստանում օդանավի շահագործման հավաստագիր ստանալու դիմումը կարող է մերժվել, իսկ արդեն գործող վկայագիրը՝ չեղարկվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Այսպես, եթե պարզվի, որ այս կամ այն ավիաընկերության խորհրդի անդամը, ինչպես նաեւ տնօրենը, խոշոր բաժնետերը կամ նրանց ընտանիքի անդամները դատվածություն ունեն, սնանկ են ճանաչվել, ունեն չմարված պարտավորություններ, գտնվում են միջազգային հետախուզման մեջ եւ այլն, ապա այդ ավիաընկերությունը վատ համբավի պատճառով կարող է պարզապես զրկվել լիցենզիայից։

Ներկայացնելով նախագիծը՝ փոխնախարարը, մասնավորապես, նշեց, որ  գործող իրավական կարգավորումներով հեղինակությունը հաշվի չի առնվում։

«Վատ համբավ ունեցող անձ կհամարվի դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը, դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկված անձը, սնանկ ճանաչված եւ չմարված վարկային, հարկային պարտավորություններ ունեցող, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը, ինչպես նաեւ նախկինում կառավարման լիազորություններ ունեցող անձը, որի գործողությունը դադարեցվել կամ կասեցվել է տվյալ անձի մեղքով թռիչքների անվտանգության պահանջների խախտման պատճառով, օրենքով եւ կառավարության որոշմամբ սահմանված կարգով»,-պարզաբանեց Սիմոնյանը։ 

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Աղբյուրը՝   news.am