Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքերը շարունակվում են

Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքերը շարունակվում են

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց  Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի որոշման միջոցառումների կատարման ընթացքը։

խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Խորհրդակցությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Կիրակոսյանը, ՀՀ ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմնի ներկայացուցիչ Արայիկ Խաչատրյանը, «Սեւան ազգային պարկ»-ի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Պողոս Մարտիրոսյանը,  մարզի  համայնքների ղեկավարների տեղակալները։

Խորհրդակցության մասնակիցները զեկուցեցին Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի ընթացքում՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների մասին։

Ըստ զեկուցողների՝ այդ ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 283 համատեղ ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել է օրինախախտման 13 դեպք։ Հարուցվել է 3 քրեական գործ։ Լճից դուրս է բերվել 137 ձկնորսական ցանց։ Ստուգայցերն իրականացվել են ջրի վրա, մայրաքաղաքի եւ մարզի շուկաներում, բնակավայրերում, հսկողություն է իրականացվել մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերում։

Զեկուցողները միաժամանակ շեշտեցին, որ, չնայած լայնածավալ ու ամենօրյա միջոցառումների իրականացմանը, դեռեւս ապօրինի ձկնորսության դեպքերը շարունակվում են, որոնք իրենց հերթին սպառնալիք են ստեղծում Սեւանա լճում ձկնապաշարի պահպանության ու վերարտադրության համար, ուստի, հարկավոր է այս ուղղությամբ աշխատել ամբողջ տարվա ընթացքում, մշակել ու գործողության մեջ դնել այնպիսի նոր ռազմավարություն, որը կլինի ավելի արդյունավետ եւ կբացառի ձկնորսների մուտքը լիճ։

«Տեսանելի աշխատանք կատարվել է, ինչպես ցույց են տալիս նաեւ մեր ամենօրյա դիտարկումները։ Սակայն ոչ միայն չպետք է բավարարվել եղած արդյունքներով, այլ պետք է ավելի խստացնել հսկողությունը, աշխատել համագործակցված, հստակեցնել այն գործոնները եւ պատճառները, որոնք խոչընդոտում են Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի միջոցառումների լիարժեք ու ամբողջական կատարմանը։

Դրա համար մենք պետք է տանենք համատեղ ու հետեւողական աշխատանք, որպեսզի սիգի ձվադրության հերթական ժամանակաշրջանում ունենանք շատ կայուն իրավիճակ ու նման խնդիրների այլեւս  չբախվենք։ Առիթից օգտվելով՝ հերթական անգամ կոչ ենք անում արտոնագրային ձկնորսությամբ զբաղվող անձանց՝ մինչեւ օրենքով սահմանված ժամկետները մուտք չգործել Սեւանա լիճ»,-խորհրդակցությունն ամփոփեց Վահան Զարոյանը։

Աղբյուրը՝   armenpress.am