ԱՄՀ ղեկավարն ակնկալում է, որ 2023 թ.-ին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը կպահպանվի 2,7 %-ի մակարդակում

ԱՄՀ ղեկավարն ակնկալում է, որ 2023 թ.-ին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը կպահպանվի 2,7 %-ի մակարդակում

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չի պատրաստվում վատթարացնել այս տարվա համաշխարհային տնտեսական աճի՝ հոկտեմբերյան կանխատեսումը, որը գտնվում է 2,7%-ի մակարդակում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի խոսքերը:

Հիմնադրամի ղեկավարն ընդգծել է, որ նավթի գների կտրուկ աճի վերաբերյալ որոշ փորձագետների մտավախությունները չարդարացան, իսկ շատ երկրների աշխատաշուկաներում իրավիճակը մնում է կայուն։

Ընդ որում, նա հավելել է, որ 2023 թ.-ը կլինի ևս մեկ «բարդ տարի» համաշխարհային տնտեսության համար, գնաճի մակարդակը կմնա կայուն բարձր։ Այնուամենայնիվ, Գեորգիևան չի ակնկալում, որ այս տարի կանխատեսումներն անընդմեջ կնվազեն, ինչպես դա եղավ անցյալ տարի, եթե, իհարկե, տեղի չունենան անսպասելի իրադարձություններ:

Նրա կարծիքով՝ այս տարի համաշխարհային տնտեսության զարգացումը «կհասնի ստորին սահմանին աշխուժացման փուլից առաջ» և կսկսի արագանալ 2024 թ.-ին։

Աղբյուրը՝   168.am