Հնդկաստանը եւ ԱՄԷ-ն մոտ են վերականգնվող էներգիայի վերաբերյալ խոշոր համաձայնագրի կնքմանը․ նախարար

Հնդկաստանը եւ ԱՄԷ-ն մոտ են վերականգնվող էներգիայի վերաբերյալ խոշոր համաձայնագրի կնքմանը․ նախարար

Հնդկաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մոտ են վերականգնվող էներգիայի վերաբերյալ խոշոր համաձայնագրի կնքմանը, կիրակի ասել է Հնդկաստանի էներգետիկայի եւ նոր ու վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհը։

Սինգհը, որը այցով գտնվում է ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) վեհաժողովին, որի նախագահը ներկայումս Հնդկաստանն է, Reuters-ին ասել է, որ համաձայնագիրը սպասում է վերջնական հաստատմանը: Նա, սակայն, չի նշել ժամկետները։

«Մեծ պայմանավորվածություն կա ԱՄԷ-ի էլեկտրական ցանցը հնդկական ցանցին միացնելու վերաբերյալ»,- ասել է Սինգհը՝ հավելելով, որ դա կիրականացվի էներգիայի վերականգնվող աղբյուրների ցանց ստեղծող երկրների «Մեկ արեւ, մեկ աշխարհ, մեկ ցանց» (OSOWOG) նախաձեռնության շրջանակներում:

«Երկու կողմերը համաձայնության են եկել,- ասել է նա,- Մենք հավատում ենք, որ դա տեղի կունենա»։

OSOWOG նախաձեռնությունը, որն առաջին անգամ առաջարկել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, նպատակ ունի փոխկապակցված ցանցերի միջոցով վերականգնվող էներգիա փոխանցել:

Սինգհն ասել է, որ ԱՄԷ-ն նույնպես ցանկություն է հայտնել ավելի շատ ներդրումներ կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների նախագծերում, ներառյալ արեւի եւ քամու էներգիան:

Հնդկաստանը եւ ԱՄԷ-ն նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով արտադրվող կանաչ ջրածնի մշակման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել հունվարի 13-ին, ավելի վաղ հայտնել էր ԱՄԷ-ում Հնդկաստանի դեսպանությունը:

Աղբյուրը՝   news.am