ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին և ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

ՎԶԵԲ փոխնախագահ Բոումենն իր հերթին շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնի ստանձման առթիվ և մաղթել արգասաբեր գործունեություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ կողմից ֆինանսնավորվող ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերին՝ պետական և մասնավոր ոլորտներում: Կողմերը մտքեր են փոխանակել նոր պոտենցիալ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ, մասնավորապես խոսվել է մասնավոր հատվածին պետական աջակցության հարցերում համատեղ ծրագրերի մշակման և փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: