Նոր նախագիծ. Սյունիքի եւ Վայոց Ձորի հյուրանոցներից օգտված կազմակերպությունների ծախսերը մասնակի կփոխհատուցվեն

Նոր նախագիծ. Սյունիքի եւ Վայոց Ձորի հյուրանոցներից օգտված կազմակերպությունների ծախսերը մասնակի կփոխհատուցվեն

Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համատեղ մշակված նախագիծը, որը միտված է աջակցելու Սյունիքի ու Վայոց Ձորի հյուրանոցային հատվածին, ներկայացված է e-draft հարթակում` հանրային կարծիքներ հավաքագրելու նպատակով՝ մինչեւ հունվարի 20-ը։

Նախագիծն առաջարկում է մասնակի փոխհատուցել այն կազմակերպությունների ծախսերը, որոնք մինչև 2023 թ․ մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում կօգտվեն Սյունիքի և Վայոց Ձորի հյուրանոցների կողմից մատուցած ծառայություններից։

Կազմակերպությունները կարող են դիմել փոխհատուցման` արդեն իսկ վճարված գումարի 60%-ի չափով (բայց ոչ ավելի քան 3,000,000 դրամ), ընդ որում նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն ընկերության առնվազն 5 աշխատակից։  Սա առավել կարևոր է սահմանամերձ մարզերում, ինչպիսիք են Վայոց Ձորը և Սյունիքը, որոնք զբոսաշրջային հոսքերի նկատելի անկում են արձանագրում պայմանավորված Արցախի շուրջ իրավիճակով։

Ակնկալվում է, որ այս առաջարկից կօգտվեն հիմնականում ընկերություններ, որոնք կկազմակերպեն կորպորատիվ քննարկումներ, կարճատև դասընթացներ կամ այլ աշխատանքային հանդիպումներ թիրախային մարզերի հյուրանոցներում և հյուրատներում։ Քանի որ նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման, մեզ համար շատ կարևոր է լսել հանրության կարծիքը, առաջարկություններն ու դիտարկումները այս թեմայի շուրջ, որոնք հնարավոր է հրապարակել e-draft հարթակում կամ գրել մեզ՝ [email protected] հասցեին։

Ցանկացած հանրային քննարկում և գործարար համայնքի արձագանք կօգնի առավել մարդակենտրոն և թիրախային նախագիծ մշակել։ Այս գործում ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ իրազեկելու հանրության լայն շրջանակ։

Աղբյուրը՝   news.am