Բացելով «Նոր էջ» պատերազմի մասնակցած երիտասարդների կյանքում. կայացել է ծրագրի հաշվետվության ներկայացման միջացառումը

Բացելով «Նոր էջ» պատերազմի մասնակցած երիտասարդների կյանքում. կայացել է ծրագրի հաշվետվության ներկայացման միջացառումը
Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիան  44-օրյա պատերազմից անմիջապես հետո մշակել էր  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Նոր Էջ» նախագիծ, որը  գործում է 2021թ. հունվարից:
Նախագծի նպատակն է պատերազմի մասնակիցներին և զինհաշմանդամներին սեփական  կարողությունները զարգացնելու, հստակ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել՝ այդպիսով նպաստելով նրանց լիարժեք աշխատանքային կյանքին վերադառնալուն: «Նոր Էջ»-ի աջակցությամբ պատերազմի մասնակցած ավելի քան 850 երիտասարդի հնարավորություն է ընձեռվել կրթվելու և զարգանալու իրենց ցանկություններից և աշխատաշուկայի պահանջներից բխող ուղղություններով:
Հունվարի 18-ին ներկայացվել են նախագծի շրջանակներում իրականացված ծավալուն աշխատանքները։  Ծրագրի ներկայացման շրջանակներում Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորել է  ծրագրի արդյունավետ կազմակերպման հենց սկզբնական շրջանից շահառուների խորքային բազայի հավաքագրումը, որում, բացի  ժողովրդագրական տվյալներից ներառվել է  նաև տեղեկատվություն երիտասարդների կրթության, հետաքրքրությունների, կարիքների, ունակությունների և կարողությունների մասին:
 Մեկնարկից ի վեր շահառուներից 854-ն արդեն ավարտել է նախագծով նախատեսված կամ ըստ ուղղորդման որևէ դասընթաց կամ կրթական ծրագիր և 185-ը ներկա պահին մասնակցում են տարատեսակ դասընթացների: Հարկ է նշել նաև, որ 52 երիտասարդ ընդունվել է աշխատանքի: Նշվել է նաև, որ ներկա պահին նախագծին շարունակաբար գրանցվող մասնակիցների թիվը ձգտում է 2000-ի, որից 1450-ը լրացրել են կարիքների գնահատման հարցաթերթը:
 Միջոցառմանը  մասնակցել են  պատերազմի մասնակից երիտասարդները, ՀՀ կառավարության, ոլորտում գործունեություն ծավալող հիմնադրամների և կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հատուկ ուշադրության է արժանացել շահառուների կողմից «Նոր Էջ» նախագծի կարևորության գնահատումը և ակնկալիքների ներկայացումը։