Արցախում առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Արցախում առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Արցախի կառավարությունը հրապարակել է Արցախի շրջափակման 40-րդ օրվա թարմացված վիճակագրությունը. 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 460 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 36 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 15600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Տեղեկագրում հրապարակված են նաև կարևոր փաստեր. Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 40 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30000 երեխա, 20000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:

Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը՝ գրեթե 20000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

Աղբյուրը՝   shabat.am