Սյունիքի մարզպետարան դիմած յուրաքանչյուր արցախցի ստացել է անհրաժեշտ աջակցություն. մարզպետարանի գլխավոր քարտուղար

Սյունիքի մարզպետարան դիմած յուրաքանչյուր արցախցի ստացել է անհրաժեշտ աջակցություն. մարզպետարանի գլխավոր քարտուղար

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախ վերադառնալ չկարողացող յուրաքանչյուր արցախցի, ով դիմել է  Սյունիքի մարզպետարան,  ապահովվել է կեցավայրով և ստացել անհրաժեշտ աջակցություն: Այս մասին ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:

«Դեկտեմբերի 12-ից ի վեր բոլոր այն արցախցիները, ովքեր դիմել են Սյունիքի մարզպետարանում մարզպետի հանձնարարականով բացված շտաբի թեժ գծին, ապահովվել են կեցավայրով և տեղավորվել Գորիս քաղաքի հյուրանոցներում: Աջակցություն է տրամադրվում նաև սննդով ապահովման, առողջական խնդիրների, երեխաների կրթության հարցերում: Մատուցվում են նաև որոշակի հոգեբանական ծառայություններ, եթե կա դրա կարիքը»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ պետական բյուջեից ավելի քան 96 մլն դրամ է տրամադրվել Սյունիքի մարզպետարանին՝  վճարելու հյուրանոցներին՝ արցախցիների կեցության համար: Ավելի վաղ մոտ 17 մլն դրամ էլ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամն է հատկացրել, գումար փոխանցողների շարքում  եղել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

«Մարզերում գործող ընկերությունները ներդրում են կատարել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամում, և այնտեղից գումարներն ուղղվել են այդ նպատակին: Մինչև այս պահը չի եղել այնպիսի հարց, որը մեր ուժերից վեր է՝ բացի նրանից, որ մարդիկ ուզում են Արցախ վերադառնալ»,- եզրափակեց նա:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Աղբյուրը՝   armenpress.am