Հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը դեռևս չիրացված մեծ պոտենցիալ ունի

Հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը դեռևս չիրացված մեծ պոտենցիալ ունի

 

ejc.am-ի «Բիզնես Ատաշե» խորագրի հյուրը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին է։  

-Հայաստանը միշտ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել տնտեսական փոխգործակցության խորացումը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում: Ինչպե՞ս եք գնահատում փոխգործակցության ներկա մակարդակը:

-Իրանի ու Հայաստանի միջև պատմամշակութային  հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն: Երկու երկրների միջև  քաղաքական հարաբերությունները գերազանց են, իսկ տնտեսական հարաբերությունները՝ զարգացող: Երկու երկրների միջև առկա է  համագործակցության և խորհրդակցությունների կանոնավոր և զարգացող  գործընթաց։ Տնտեսական հարցերում, միջին հաշվով, տարեկան առևտրի ծավալների շարունակական աճ ենք արձանագրել: Օրինակ՝ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին տաս ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40%-ով։ Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա են խոչընդոտներ, այդ թվում՝ նախագծերի դանդաղ իրականացումը և որոշ խանգարող կարգավորումներ և որոշակի խոչընդոտներ գործարար հարաբերություններում։ Հուսով ենք, որ երկու երկրների համագործակցության շնորհիվ այս խնդիրները լուծում կստանան։

-Տնտեսական համագործակցության ընդլայնման և առկա մեծ ներուժի լիարժեք իրացման առումով մշտապես բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումներում առաջնային է համարել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալի մեծացումը ու գործակցության խորացումը արդյունաբերության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Ո՞ր ոլորտներն եք ավելի իրատեսական համարում փոխշահավետության տեսակետից:

-Փոխադարձ ներդրումների համար առկա են տարբեր շահավետ ոլորտներ, սննդի և զբոսաշրջության արդյունաբերությունից սկսած մինչև հանքարդյունաբերություն և էներգետիկ ոլորտ: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն են՝ հանքարդյունաբերությունը, դեղորայքի և գիտելիքահենք  արտադրատեսակների համատեղ արտադրության արդյունքի արտահանումը՝ երրորդ երկրներ, երկու երկրների սահմանին նավթաքիմիական պարկի և ավանի ստեղծումը, որի առանցքում գազն է և  համատեղ ներդրումները: Իմ համոզմամբ, կողմերը երրորդ երկրների՝ Ռուսաստանի, ԱՊՀ և Եվրոպական երկրների շուկաներ մուտք գործելու համար  պետք է միասնաբար սահմանեն համագործակցության բազմաթիվ հնարավորություններ: Կողմերից յուրաքանչյուրն ունի առավելություններ և հնարավորություններ, որոնք կարող են նպաստել այս համագործակցությունների ձևավորմանը։

-Վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ քննարկվում էր Իրանի ու Հնդկաստանի կողմից Հայաստանի հետ խոշոր տրանսպորտային նախագծեր իրականացնելու հարցը։ Մասնավորապես խոսվում էր, որ Սյունիքի մարզը կարող է դառնալ կարևոր հանգույց, որը կապում է Չաբահար նավահանգիստը Սև ծովի հետ։ Այսինքն, Հայաստանով անցնող տրանսպորտային միջանցքի գործարկումը թույլ կտա Իրանին դիվերսիֆիկացնել բեռների առաքումը Ռուսաստան ու Եվրոպա։ Այս առումով ո՞րն է Ձեր տեսակետը և արդյո՞ք այն դեռևս օրակարգային է։

-Իրանի հարավային ափերը՝ լինի դա «Բանդար Աբաս» կամ Չաբահար նավահանգիստը, Իրանի հյուսիսում գտնվող երկրներին կապելու նպատակով հյուսիս-հարավ միջանցքի ստեղծումը  մեծ կարևորություն ունի տարածաշրջանի ապագայի համար: Չաբահար նավահանգստից դեպի հյուսիս ընթացող երկաթգծի լրացուցիչ հատվածների կառուցման աշխատանքների ավարտը նույնպես ռազմավարական առաջնահերթություն է Իրանի համար։ Իրանի տարածքում այս միջանցքի երկաթուղային հատվածի կառուցման աշխատանքները իրականացվում է Չաբահար-Զահեդան և Ռաշտ-Աստարա ուղղությամբ: Իրանի տարածքում գտնվող այս երթուղին ամբողջացնելու համար, ինչպես արդեն նշել ենք, պետք է բարեկարգվի Հայաստանի տարածքում գործող՝ Իրանի սահմանից  մինչև Վրաստանի սահման ճանապարհի որակը և ապահովվի  Չաբահար նավահանգիստը Սև ծով կապող երթուղին: Այս երթուղու ստեղծումը շահավետ կլինի Հնդկաստանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի համար։

-Պատերազմից հետո խնդիր է առաջացել նաև Իրան-Հայաստան բեռնափոխադրումների համար. խնդրում եմ, ավելի հանգամանորեն խոսենք դրանց տնտեսական և տեխնիկական կողմերի մասին:

-Երկար տարիներ Իրանից Հայաստան երթեւեկությունն իրականացվում էր Կապան- Գորիս երթուղով: 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում այս երթուղում առաջացած խնդիրները կարճաժամկետ հատվածում վնաս հասցրեցին երկու երկրների միջև առևտրային գործընթացին։ Տաթևով  անցնող այլընտրանքային ճանապարհի կառուցումը մասամբ լուծեց խնդիրները, իսկ Տաթև-Լծեն  ճանապարհի կառուցումը, որպես գործող ճանապարհների շարունակություն կլուծի նաև որոշ այլ խնդիրներ։ Հուսով ենք, որ այս նախագծերի իրականացումը կնպաստի երկարաժամկետ հեռանկարում տրանսպորտային փոխադրումների ոլորտում կանոնակարգերի և  ավելի լավ ենթակառուցվածքների ստեղծման  ուղղությամբ տարածաշրջանի երկրների համագործակցության ընդլայնմանը։

-ԵԱՏՄ-Իրան համագործակցություն - 2018թ. մայիսին ստորագրվել է Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիր ԵԱՏՄ անդամ երկրների և ԻԻՀ-ի միջև։ Ի՞նչ սպասում ունի Իրանը համագործակցության այս ձևաչափից։

-Իրանը ցանկանում է և հետաքրքրված է զարգացնել առևտուրը ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Մենք բոլորս ակնհայտ կերպով ականատես ենք այն դրական ազդեցությանը, որ ունի 2018թ. համաձայնագիրը Իրանի -ԵԱՏՄ  առևտրի ընդլայնման վրա: Սա ճիշտ ուղի է և այն պետք է շարունակել։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի ԵԱՏՄ և Իրանը 2023թ. լիարժեք համաձայնության գան ազատ առևտրի գոտի ստեղծելու գործում։

-Այժմ Իրանի դերը տարածաշրջանում ավելի է կարևորվում խաղաղության հաստատման և տնտեսական զարգացման տեսանկյունից ։ Ի՞նչ պետք է արվի։ Արդյո՞ք շարունակում է օրակարգում մնալ Հայաստանի տարածքով Իրանական գազի Վրաստան տարանցման ծրագիրը։

-Իրանի քաղաքականությունը, հատկապես ներկայիս իշխանության օրոք, հարևան երկրների հետ համագործակցության խթանումն է, և մեզ համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։ Իրանը Կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը և մշտապես ներկայացել է, որպես այս տարածաշրջանի բոլոր երկրների բարեկամ։ Ուրախությամբ պետք է արձանագրել, որ պարոն Փաշինյանի վերջերս Թեհրան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ ծրագրերի ժամկետների երկարաձգման և ընդլայնման շուրջ։ Գազի «սվափի» և տարանցման գաղափարները, պահանջում են մանրամասն փորձագիտական ​​ուսումնասիրություններ և շուկայի պայմանների վերլուծություն ինչպես մատակարարողի, այնպես էլ սպառողի կողմից: Ընդհանուր առմամբ, Իրանը ողջունում է էներգետիկ շուկայում իր փոխադրումների ուղիների և արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացումը:

-Հայկական և իրանական կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական համագործակցության մեջ նոր հաջողություններ արձանագրելու ուղղությամբ, ինչպիսիք են` Հայաստան մտնող իրանական գազի ծավալների մեծացում, հյուսիսհարավ (Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան) էներգահամակարգերի միավորում, ՀՀ-ում հողմային էլեկտրակայանների կառուցում (50 մեգավատ ընդհանուր հզորությամբ), ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հաստատում և այլն։ Այսօր այդ ծրագրերից ո՞րն է իրատեսական

-Մեր տեսանկյունից, ամենակարեւոր նախագիծը գազ-  էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն է, և այդ իսկ պատճառով մենք ստորագրեցինք Հայաստան գազի արտահանման ծավալները ավելացնելու վերաբերյալ Փոխըմբռնման Հուշագիրը: Իրանը ողջունում է Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի միջև էլեկտրահաղորդման գծերի ինտեգրումը, իհարկե, դա պահանջում է հատուկ տեխնիկական և ներդրումային հնարավորություններ, որոնց անհրաժեշտությունը ունեն տարածաշրջանի երկրները: Ինչ վերաբերում է վերականգնվող էներգիային, Իրանը ունի լավ հնարավորություններ, իսկ Հայաստանը՝   առավելություններ և մենք շահագրգռված ենք այն օգտագործել։ Այս առնչությամբ կողմերի միջև քննարկումները նույնպես շարունակվում են ։

-Մեղրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ ինչպիսի՞ դիտարկումներ կան։ Այս պահին այն չի գործում, արդյոք, բացի համաճարակից այլ պատճառներ կան։

-Իրանը շահագրգռված է զարգացնել  երկու երկրների ազատ գոտիների կարողությունների օգտագործումը։Ազատ գոտիների հաջող շահագործումը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են օգտագործելի տարածքի չափը, ազատ գոտում կիրառվող կարգավորումները և կանոնակարգերը, տրամադրվող ենթակառուցվածքների քանակը և տրանսպորտային ուղիների հասանելիությունը:Մեղրի ազատ գոտու հարցում առկա են խոչընդոտներ, սակայն կողմերը փորձում են վերացնել այդ խոչընդոտները և ապահովել համագործակցության հնարավորությունը։

- Հայաստանը և Իրանը զբոսաշրջության ուղղությամբ մեծ անելիքներ ունեն։ Այս առումով Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է

-2022թ. առկա վիճակագրության համաձայն՝ իրանցի զբոսաշրջիկները յոթ տոկոս մասնաբաժնով զբաղեցնում են Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով երրորդ հորիզոնականը։ Արձանագրված վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը վերադարձել է  կորոնավիրուսի համավարակի նախորդող վիճակին։ Կարևորն այն է, որ մենք հույս ունենք, ավելի մեծ թվով հայ զբոսաշրջիկներ կայցելեն Իրան։ Մեկ այլ խնդիր,  որն պետք է տուրօպերատորների ուշադրության կենտրոնում լինի, դա զբոսաշրջության որակի բարելավումն է: Օրինակ՝ պատմամշակութային կամ առողջապահական ուղղվածության զբոսաշրջությունը այն ուծություններն են, որոնք ավելի քիչ ուշադրության են արժանացել, բայց գուցե այդ ուղղությունների կարևորությունն ավելի մեծ է, քան երկու երկրների միջև գործող զբոսաշրջության այլ ձևերը։

-Ինչպե՞ս կբնութագրեք իրանահայ համայնքը:

-Իրանցիներն ու հայերը ունեն ընդհանուր պատմություն:Պատմական երկարատև ժամանակահատվածի կտրվածքով քաղաքական ներկայիս սահմանները մեր միջև գոյություն չեն ունեցել։ Մյուս կողմից, հայերն ապրում են Իրանի տարբեր շրջաններում: Իրանի ամենահարավային հատվածում՝ Բուշեհր, Աբադան նավահանգիստներից մինչև երկու երկրների սահմանի մոտ գտնվող քաղաքներում գոյություն ունեն հայկական եկեղեցիներ:

Իրանի մեր հայ հայրենակիցները մեծ դերակատարում են ունեցել և ունեն Իրանի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի տարբեր ասպեկտներում: Ես բազմիցս նշել եմ, որ մեր հայ հայրենակիցները  բարի համբավ ունեն։ Անուրանալի է հայ հայրենակիցների դերը Իրանի գիտության, մշակույթի ու արվեստի զարգացման, տեխնոլոգիական ու տնտեսական առաջընթացի գործում։