Բոլոր նպաստները այսուհետ կտրվեն անկանխիկ եղանակով, քաղաքացին ինքը ընտրության հնարավորություն կունենա

Բոլոր նպաստները այսուհետ կտրվեն անկանխիկ եղանակով, քաղաքացին ինքը ընտրության հնարավորություն կունենա

«Պետական նպաստների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` ինչպես կենսաթոշակները, այնպես էլ ընտանեկան ու սոցիալական նպաստները, հրատապ օգնության վճարումները 2023-ից կատարվելու են կատարվելու են անկանխիկ եղանակով։

 Փետրվարի 1-ից սկսած` 1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում նոր նշանակման դեպքում կանցնեն անկանխիկի, 2023թ-ի հուլիսի 1-ից հետո մինչև 1000 բնակիչ ունեցողների նոր նպաստ ստացողները գումարը կստանան անկանխիկ:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը ejc.am-ի  հետ զրույցում պարզաբանում է՝ ներդրվող համակարգում կլինեն նաև բացառություններ։

 «Կանխիկ, թե անկանխիկ` ընտրելու հնարավորություն կտրվի բացառությամբ 75 տարին լրացած անձանց և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք տալիս իրենց ընտրելու վճարման եղանակը։ Վճարող բանկն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ կամ հրատապ օգնություն նշանակելու դիմում»,- ասում է Մարգարյանը:

Իսկ վճարումները կատարվելու են սոցիալական վճար կատարող բանկերի միջոցով, Մարգարյանի խոսքով՝ դրանք մեզ մոտ 15-ն են «Այսինքն՝ այն բանկերն են, որոնք մեզ մոտ գործում են և իրականացնում են սոցիալական վճարներ։ Յուրաքանչյուր բանկ կարող է աշխատել, եթե քաղաքացին ընտրի դրանցից մեկը»։

Իսկ եթե քաղաքացին չի ընտրում որևէ բանկ, ոչ թե զրկվում է իրեն հասանելի գումարից, այլ պետությունն է նրա համար բանկ ընտրում, և գումարը կուտակվում է քարտին: Կանխիկ եղանակով ստացողները վճարման եղանակը փոխելու և բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն։

 «2023-ի հուլիսի 1-ից պարտադիր անկանխիկի կանցնեն նաև 1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի այն նպաստառուները, որոնց նպաստը նշանակվել է 2023-ի փետրվարի 1-ից առաջ, իսկ 2024-ից նրանց կմիանան մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրերի բոլոր նպաստառուները: Այսպիսով՝ 2024-ից բոլոր տեսակի նպաստ-թոշակ ստացող քաղաքացիները վճարվելու են միայն անկանխիկ եղանակով և միայն բանկերի միջոցով։ Այս դեպքում էլ նորից գործելու է բացառությունները»,- մանրամասնում է նա։

 Իսկ թե որքանով է անկանխիկ եղանակը  հասանելի գյուղերում և համայնքներում, Մարգարյանը նշում է՝ «Դրա համար դիմում ենք նաև նպաստառու ընտանիքներին, որպեսզի իրենք որոշեն, որ բանկից վճարումը ստանալու հնարավորություն ունեն, որոնց բանկոմատները կամ մասնաճյուղերն են առկա իրենց համայնքներում։ Ըստ մեր տեղեկությունների՝ շատ քիչ համայնքներ կան, որտեղ չկան բանկեր կամ բանկոմատներ, բայց բանկերի միջոցով այդ հարցը լուծելի է»։

 Թե որքան է կազմում այս պահին նպաստառուների թիվը, ընտանիքներին տրվող  նպաստների բաժնի պետն ասում է՝  նպաստառու քաղաքացիների կտրուկ աճ կամ նվազում չկա, նրանց թիվը գրեթե 80 հազար է, բայց թիվը կարող է փոփոխվել, որովհետև նպաստ տրամադրելու գործընթացը արվում է ռոտացիայի սկզբունքով՝ ըստ ընտանիքի սոցիալական վիճակի։

 «Չնայած անկանխիկ եղանակով վճարումները ներդրվում են այս տարի, սակայն նպաստառուների ակտիվ հոսքը կանխիկից անկանխիկ մինչ այս էլ  նկատվում էր։ Ունենք 10 հազար ընտանիք, որոնք անկանխիկ եղանակով են ստանում վճարները»։ ասում է Մարգարյանը։ Ըստ նրա՝  նոր համակարգը հնարավորություն է տալու խնայել նաև պետական բյուջեի միջոցները։