Արարատ Միրզոյանի հանդիպումը Դեյվիդ Մքալիսթերի հետ

Արարատ Միրզոյանի հանդիպումը Դեյվիդ Մքալիսթերի հետ

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Ընդգծվել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը:

Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով:

Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է հունվարի 18-19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրատապ բանաձևում և «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույցում» արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Դեյվիդ Մքալիսթերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և դրա ընդլայնման հեռանկարներին։ Բարձր է գնահատվել նաև դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության աշխատանքը։