Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այսօր հյուրընկալել է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» –ի թիմի նոր ղեկավար Մայքլ Բլիմսրիդերին

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այսօր հյուրընկալել է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» –ի թիմի նոր ղեկավար Մայքլ Բլիմսրիդերին
Հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում․ Մայքլ Բլիմսրիդերը համայնքի ղեկավարին է ներկայացրել ծրագրի՝ մինչ այժմ ժամանակավոր դադարեցված լինելու պատճառները, և ուրախությամբ հայտնել, որ այն պաշտոնապես երկարաձգվել է մինչև 2024 թվականի փետրվար ամիսը։
Ինչպես հայտնի է, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը ունի պահպանության նպատակ և 2 բաղադրիչ՝ սոցիալ-տնտեսական և բնապահպանական: Այժմ մեկնարկել է ծրագրի երկրորդ՝ բնապահպանական բաղադրիչը, որի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մասնաշենքը։
Գևորգ Փարսյանը ողջունելով հյուրին՝ նախ շնորհակալություն է հայտնել համագործակցությամբ կատարվող այն բոլոր ծրագրերի համար, որ արդեն մի քանի տարի է իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Համայնքի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ նշելով, որ համայնքապետարանը իր հնարավորությունների սահմաններում կաջակցի՝ առաջիկա աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախորդ տարիների ընթացքում համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին, նախանշել են հետագա անելիքներն ու քննարկել դրանց իրականացման մոտեցումները:
Հիշեցնենք, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից և այն ֆինանսավորում է գերմանական KFW բանկը:
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի նպատակն է ուժեղացնել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված 7 բնության հատուկ պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարածքների կառավարումը` միաժամանակ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը։