Պահանջարկով քաշվող տնտեսական աճ․ կա՞ արդյոք 2008-2009թթ․ սցենարի կրկնության վտանգ․ Արմեն Քթոյան

Պահանջարկով քաշվող տնտեսական աճ․ կա՞ արդյոք 2008-2009թթ․ սցենարի կրկնության վտանգ․  Արմեն Քթոյան

2022 թվականի արդյունքներով Հայաստանի կառավարությունն ակնկալում է 12,5-13% ՀՆԱ-ի աճ։ Այս մասին հունվարի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միաժամանակ, գործադիրի ղեկավարը վստահություն հայտնեց, որ 2023 թ-ին ՀՀ-ում կգրանցվի առնվազն 7% տնտեսական աճ։ Տնտեսական հեռանկարների, ընթացիկ տարում ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման/շարունակման դրական/ բացասական հետևանքների և դրանց հանդեպ ՀՀ տնտեսության  դիմակայունության մակարդակի վերաբերյալ ejc.am-ը զրուցել է  ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։

-Պրն. Քթոյան, ըստ Ձեզ, որքանո՞վ են իրատեսական ՀՀ կառավարության ղեկավարի հնչեցրած թվերը։

 -Դատելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից՝ 2022 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14,4% -ով: Ծառայությունների ծավալը աճել է 28,2%-ով, շինարարությանը՝ 13,9, առևտրի շրջանառությունը՝ 16,2, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 8,4%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը`16,8%-ով: Սպառողական գնաճը կազմել է 8,7, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2,9%: Հետևաբար` բոլոր հիմքերը կան պնդելու, որ 2022 թվականի արդյունքներով կլինի երկնիշ տնտեսական աճ։

2023-ի համար 7% տնտեսական աճի ապահովումն ամրագրված է ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում և այն բխում է Հայաստանի ներուժային հնարավորություններից։ Բայց, քանի որ միջավայրը բավականին ռիսկային է՝ մենք այսօր դեռ քաղում ենք այդ միջավայրի պտուղները, այն կարող է նաև բացասական գործոններ ձևավորել և խորացնել ճգնաժամային իրավիճակը։ Հետևաբար, դժվար է կանխատեսել, թե 2023-ին գոյություն ունեցող ռիսկերն ինչպե՞ս կարտահայտվեն, ի՞նչ խորությամբ։

Չմոռանանք, որ 2022 թվականի սկզբին, մասնավորապես փետրվարին, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին կանխատեսվում էր ՀՀ տնտեսական աճի տեմպերի դանդաղում, նույնիսկ անկում, բայց մի քանի ամիս անց տեղի ունեցավ գնահատականների վերանայում և այսօր մենք վստահաբար խոսում ենք երկնիշ աճի մասին։

-Պրն. Քթոյան, բազմաթիվ փորձագետներ ՀՀ ՀՆԱ-ի աճի պոտենցիալ տեմպերը գնահատում են 4-5%: Արդյո՞ք այս վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հիմքեր են ստեղծվել ենթադրելու, որ ՀՀ տնտեսությունը գրանցել է պոտենցիալի աճ։

-Նախ, մեզ մոտ պոտենցիալի խորքային գնահատումներ չեն արվել, այլ ավելի շատ հաշվի է առնվել նախկինում ձևավորված հենքային աճի հենքային մակարդակները, կամ՝ այսպես կոչված, բնականոն աճ ասվածը, այսինքն՝ ինչպիսի՞ն է եղել զարգացման միտումը միջինում, որն էլ դիտարկվել է ներուժի գնահատական։ Չի գնահատվել նաև, թե մենք ինչքա՞ն կապիտալ ռեսուրս ունենք, տեխնոլոգիական վերազինումն ի՞նչ մակարդակի վրա է գտնվում, ինչպիսի՞ն է աշխատանքային ռեսուրսների ներուժը․ գործոններ, որոնք նպաստում են զարգացմանը, կամ՝ ՀՆԱ-ի ձևավորմանը։ Բացի դա, մենք ունենք լուրջ ռեսուրսներ, որոնք թերօգտագործված են, և դրանք շրջանառելու պարագայում կա հնարավորություն գրանցելու աճի բավականին բարձր մակարդակ։

-Այսօր տարբեր մակարդակով խոսվում է այն մասին, որ  արտաքին շոկի հետևանքով գրանցվել է պահանջարկի ավելացում, որն էլ նպաստել է ՀՀ տնտեսության աճին։ Միևնույն ժամանակ, կա գիտակցում, որ ինչ-ինչ պայմաններում, երբ կոնյունկտուրան փոխվի, արտածին խթանները վերանան, մեր տնտեսությունը մեծ խնդիրների առջև է կանգնելու։ Այս իրավիճակում, 2022-ին գրանցելով բարձր բազա, պարզ չէ, թե ինչի՞ հաշվին է ապահովվելու այդ տնտեսական աճը 2023 թ-ին և կա՞ մտահոգություն, որ Հայաստանին սպառնում է 2008-2009թթ-ի սցենարը, երբ 2002-2008 թվականների երկնիշ աճին, որն ապահովվել են մի քանի ոչ արտահանելի ճյուղերի և դրսից ստացված տրանսֆերտների հաշվին, հաջորդեց նախ միանիշ աճը 2008-ին, և ապա՝ 14,1% անկում՝ 2009թ․-ին։

-Ռիսկը կա․ բոլորն էլ հասկանում են, որ մի օր այն այցելուները, որ այսօր Հայաստանում պահանջարկ են ձևավորում, հեռանալու են։ Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ 2008-2009թթ․ համաշխարհային ֆինանսա-տնտեսական համակարգում առկա խնդիրների առավել սուր դրսևորման փուլ էր, որին Հայաստանը չկարողացավ պատշաճ կերպով դիմակայել, հաշվի առնելով ՀՀ տնտեսության ներքին թուլությունը, այդ թվում նաև այն շինարարական փուչիկը (շինարարությունը, որն ապահովում է տնտեսական աճի առյուծի բաժինը, 2009 թվականին գրանցել է 40% անկում․խմբ)։

2020 թ-ին համաճարակով պայմանավորված ճգնաժամը և աղետալի պատերազմը Հայաստանի համար լրջագույն հետևանքներ ունեցան։ Եթե այս երկու իրադարձությունների տնտեսական ասպեկտն ենք դիտարկում, տնտեսության վրա դրանց ներգործության ծանրությունը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ թեև 2020 թ-ի իրադարձությունները շատ ավելի լուրջ փորձություն էին մեր երկրի համար, բայց և այնպես հայաստանյան տնտեսությունը կարողացավ այդ իրողություններին ավելի լավ դիմակայել, դուրս գալ պակաս կորուստներով, քան 2008-2009թթ․ ճգնաժամից։ Համենայն դեպս արձանագրվեց անկման ավելի ցածր տեմպ՝  7,4%-ի չափով։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով դրական ռիսկերից բացի, ի հայտ են եկել նաև բացասական ռիսկեր, որոնք ունեն նեգատիվ ազդեցություն մեր տնտեսության զարգացման վրա։ Պատերազմի ավարտի դեպքում տեղի կունենա այդ ռիսկերի վերացում, ինչը թույլ կտա օգտագործել զարգացման հավելյալ հնարավորություններ։

-Արդյո՞ք Ձեր նշած դիմակայունության մակարդակի բարձրացումը կառավարության ջանքերի արդյունք է․․․

-Ինստիտուցիոնալ անկատարությունը, ներքին մրցակցության անբավարար մակարդակը, հարկային և մաքսային վարչարարության մասով գոյություն ունեցող ռիսկերը եղել են ՀՀ տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից։ Այն քայլերը, որ ձեռնարկվել են նշված ուղղություններով և դրանց արդյունքները կարծում եմ ակնառու են, համենայն դեպս տնտեսվարող սուբյեկտների համար։ Դրանք և մի շարք այլ գործողություններ բերեցին դիմակայունության բարձրացմանը։ Վերջինիս տակ պետք է հասկանալ, օրինակ, տնտեսության մեջ ճիշտ համամասնությունների ձևավորումը, ազատ ձեռներեցության խթանումը, ազատ շուկայական հարաբերությունների խրախուսումը, համակարգային կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը և այլն։

-Այսինքն, կարելի է եզրակացնել, որ նույնիսկ այսօրվա աճին նպաստող արտածին գործոնների վերացման պարագայում ՀՀ տնտեսությունը ունակ կլինի ապահովել առնվազն 7% ՀՆԱ-ի  աճ 2023 թ-ին, հաշվի առնելով նաև 2022-ի բարձր բազան։

-Ունակությունը միշտ էլ կա, խնդիրն այն է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսի՞ն կլինեն բացասական իրողությունները և ի՞նչ նոր ռիսկեր կարող են ի հայտ գալ։ Ասենք, ոչ ոք չի կարող պնդել, որ հայաստանյան ընկերությունների նկատմամբ չեն կիրառվի պատժամիջոցներ այն պատճառով, որ մենք ՌԴ հետ նույն մաքսային և ինչ-որ առումով նույն տնտեսական տարածքի մաս ենք կազմում։

2022-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 67.8%․ արտահանումը աճել է 75,2, իսկ ներմուծումը՝ 63,6%-ով: ՀՀ արտահանման աճը պայմանավորված է հայաստանյան ընկերությունների ներկայության ընդլայնմամբ ռուսական շուկայում․ ՀՀ-ից արտահանումը Ռուսաստան մեծացել է 2,7 անգամ, այդպիսի բան նախկինում երբեք չի եղել։ Բայց դա նաև նշանակում է արտահանման կախվածության մեծացում ռուսական շուկայից և նոր ռիսկեր դիվերսիֆիկացիայի առումով՝ այսօր արդեն Ռուսաստանի մասնաբաժինը ՀՀ արտահանման մեջ գերազանցում է 43-44%, իսկ Եվրամիությանը 15%-ի կարգի է։ Եվ դա այն դեպքում, երբ 10 տարի առաջ ԵՄ/Ռուսաստան արտահանման բաժինները մեր արտահանման կառուցվածքում գրեթե հավասար էին՝ 25-ական տոկոս։ Եթե ինչ-որ մի իքս պահի ռուսական շուկան փակվի կամ  խնդիրներ առաջանան, մեր արտահանողները և տնտեսությունը կբախվեն լրջագույն խնդիրների հետ։ Նմանօրինակ ֆորս-մաժորային իրողությունները, որոնք աննախատեսելի են, բայց և չեն բացառվում, կարող են ստեղծել ռիսկեր, որի հետևանքով Հայաստանը ոչ միայն չի կարողանա 7% աճ ապահովել, այլ նույնիսկ դրա կեսը։

Ամեն դեպքում կարծում եմ խնդիրն այն չէ, մենք այս տարի կապահովենք 7% ՀՆԱ աճ, թե ոչ։ Կարևորն այն է՝  կկարողանա՞նք արդյո՞ք տնտեսությունում ձևավորել երկարաժամկետ զարգացման կայուն հիմքեր, ինչի համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ բոլոր ոլորտներում։

Իրականում մեզ անհրաժեշտ է ապահովել 7%-ոց աճ ոչ միայն 2023թ-ին, այլ առաջիկա 20 տարիների համար։ Միայն այդ դեպքում, 20 տարի հետո մենք կունենանք տնտեսություն, որն ունակ կլինի ապահովել անվտանգային սպառնալիքների չեզոքացում, որի շնորհիվ մենք չենք բախվի այսպիսի գոյաբանական վտանգի։

-Պրն. Քթոյան, երբ պետական այրերը խոսում են ՀՆԱ աճի բարձր ցուցանիշների մասին, շարքային քաղաքացուն, թերևս, առաջին հերթին հետաքրքրում է, կբերի՞ դա իր կյանքի որակի բարձրացմանը, թե՞ ոչ։

-Այսօրվա դրությամբ ՀՀ բնակչության 1/3 աղքատ է, ստանում է խիստ ցածր եկամուտներ։ Բայց իրավիճակի շոշափելի փոփոխություն չի լինի մեկ, երկու կամ նույնիսկ երեք տարի շարունակ գրանցվող աճի արդյունքում։

Մենք կարող են դուրս գալ ավելի բարձր զարգացման մակարդակի վրա, եթե տնտեսական աճի տեմպերը պահպանվեն տևական ժամանակ։ Տնտեսական հրաշք գրանցած երկրները, ինչպիսիք են, օրինակ` Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, մարդկանց կյանքի որակի շոշափելի բարձրացման հասել են ապահովելով 7-8% ՀՆԱ աճ 10 կամ 20 տարի շարունակ։

-Շնորհակալություն։