Ռուսաստանը խոսում է ծովով Վրաստանի հետ ուղևորափոխադրում սկսելու մասին

Ռուսաստանը խոսում է ծովով Վրաստանի հետ ուղևորափոխադրում սկսելու մասին

Ռուսաստանի Սոչի քաղաքի ծովային նավահանգիստը Վրաստանի հետ բանակցություններ է վարում Սև ծովով ուղևորափոխադրման շուրջ, Aliq.ge-ի փոխանցմամբ այս մասին գրում է ռուսական ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ Սոչիից Վրաստան ուղևորափոխադրումը, հավանաբար, կիրականացվի դեպի Բաթումիի նավահանգիստ: 

«Սոչիի ծովային նավահանգիստը բանակցություններ է վարում Սև ծովով դեպի Աբխազիա և Վրաստան ուղևորափոխադրումների շուրջ»,- ТАСС-ին հայտնել է Սոչիի ծովային նավահանգստի գլխավոր տնօրեն Յուրի Վլադիմիրովը։ Վլադիմիրովը հույս է հայտնել, որ ուղևորափոխադրումները կիրականացվեն դեպի Աբխազիա և Վրաստան: Ըստ նրա՝ բանակցությունները շարունակվում են, և նախատեսվում է փոխադրումներն սկսել այս ամառվանից:

«Ուղևորային և ծովային նոր երթուղիների մեծ պահանջարկ կա։ Մենք կփորձենք որքան հնարավոր է բավարարել մեր զբոսաշրջիկների պահանջները»,- հավելել է Վլադիմիրովը: Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունից հայտնել են, որ իրենք նման տեղեկություն չունեն:

Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 1 մլն 405 հազար 552 քաղաքացի։ 

Աղբյուրը՝   shabat.am