Շիրակի մարզպետի տեղակալը հյուրընկալել է «Միգրացիայի միջազգային կազմակերպության» ծրագրերի համակարգողին

Շիրակի մարզպետի տեղակալը հյուրընկալել է «Միգրացիայի միջազգային կազմակերպության» ծրագրերի համակարգողին
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետի խորհրդկան Արթուր Նաջարյանի հետ հյուրընկալել են «Միգրացիայի միջազգային կազմակերպության» ծրագրերի համակարգող Արեգ Բադալյանին։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միգրացիայի միջազգային կազմակերպության» կողմից նոր մեկնարկող՝ «Միգրացիայի ներուժի խթանում սոցիալ-տնտեսական զարգացման համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրին։ Արեգ Բադալյանը տեղեկացրել է, որ ծրագրի նպատակը Հայաստան և Վրաստան վերադարձած միգրանտներին այնպիսի միջավայրում վերաինտեգրվելն է, որը հնարավորություն կտա նպաստել նրանց համայնքների սոցիալական կայունությանը և տնտեսական բարեկեցությանը: Ծրագրի տևողությունը 2 տարի է։
Ողջունելով և կարևորելով այսօրինակ ծրագրի իրականացումը՝ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցության և հնարավորությունների սահմաններում կաջակցի ծրագրի իրականացմանը, քանզի այն կնպաստի միգրացիայի ցուցանիշների նվազմանը և մարզի աշխատուժի կարողությունները տեղում նպատակային օգտագործելուն։
Ծրագրի բաղադրիչներից առաջինը ներառում է միգրանտների հմտությունների և մասնագիտական կարողությունների գնահատում, ինչպես նաև աշխատաշուկայի ուսումնասիրություն Շիրակի մարզում։ Արդյունքում վերաինտեգրման միջոցառման գործողություններ կիրականացվեն մարզի միգրանտների համար՝ նպաստելու ինտեգրմանը գործող աշխատաշուկայում։
5-6 միգրանտ կստանա ֆինանսական դրամաշնորհ՝ սեփական բիզնեսի հիմնման կամ առկա բիզնեսի զարգացման նպատակով։ Երկրորդ բաղադրիչը միասնական սոցիալական ծառայությունների գնահատումն է Հայաստանում, որի հիման վրա ծառայության աշխատակիցների համար կձևավորվեն կարողությունների զարգացման ծրագրեր։