Արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը նաև աշխարհի համար է կարևոր․ Ռուբեն Վարդանյան

Արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը նաև աշխարհի համար է կարևոր․ Ռուբեն Վարդանյան

«Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- երեկ, «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով Արցախի բարեկամների հեռավար հավաքի ժամանակ, ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով՝ չնայած ծանր վիճակում են, բայց լավատես է, քանի որ տեսնում է արցախցիների ոգին ու կամքի ուժը։

Վարդանյանն ընդգծել է՝ պատրաստ են ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս:

45-րդ օրն է ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով փակ են պահում Լաչինի միջանցքը։ Սնունդ, դեղորայք, առանջին անհրաժեշտության պարագաներ արցախցիները հիմնականում չեն ստանում։ Շաբաթ օրվանից ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Հունվարի 9-ից էլ վթարված է Հայաստանից մտնող հոսանքի գիծը, ըստ Ստեփանակերտի, ադրբեջանական կողմը չի թողնում այն վերանորոգել։ Արցախում հունվարի 21-ից հովհարային անջատումների նոր ռեժիմ է սահմանվել, առողջապահական հիմնարկների 70 տոկոսը կանգնած է ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ։

«Շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն»

Շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, իր հերթին առնցանց հավաքին նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ թվարկելով՝ դա մարդկանց մի շարք հիմնարար իրավունքների՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության, պատշաճ սնվելու իրավունքների խախտումներն են, տնտեսության ու ենթակառուցվածքների քայքայումն է, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներն են, Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների ահաբեկումն է:

Բաքուն հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ։ Հայաստանի արտգործնախարարն օրերս հայտարարեց՝ ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում՝ նախ պնդում, թե միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի։ «Երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին»։

«Իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանք»

Ընդգծելով, որ Ադրբեջանն իրականացնում է հատուկ հանցավոր քաղաքականություն, որը միտված է հայրենազրկելու Արցախում ապրող հայերին, ոչնչացնելու նրանց՝ Ստեփանյանը հայտարարել է՝ իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը։

«Միջազգային հանրությունը, այո՛, պատասխանատվություն ունի պաշտպանելու մարդու իրավունքները։ Մարդու իրավունքն այլևս պետության հայեցողության հարց չէ», - ասել է Ստեփանյանն ու խնդրել՝ «գործադրել բոլոր ջանքերը, որ միջազգային հանրությունը ստանձնի իր պատասխանատվությունը և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը»։

«Բոլոր երկրներից ակնկալում ենք, որ հանդես գան Արցախի մեկուսացման դեմ»

Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ հավելել է՝​ միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանը բարձր գին է վճարելու հանցագործությունների համար՝ ընդգծելով՝ Արցախի ժողովուրդն ակնկալում է, որ միջազգային իրավունքով հաստատված նորմերը պաշտպանվեն նույն միջազգային իրավունքի պատասխանատուների, դերակատարների կողմից։

«Բոլոր երկրներից ակնկալում ենք, որ հանդես գան Արցախի մեկուսացման դեմ և Արցախի միջազգային ներգրավվածության ապահովման հարցը լուծեն: Այստեղ կրկին բոլոր երկրների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը շատ կարևոր է», - ասել է Բեգլարյանը:

Աղբյուրը՝  azatutyun.am