ԱՏՁՄ-ն նպատակ ունի սփյուռքին ավելի շատ ներգրավել ՀՀ ՏՏ ոլորտում

ԱՏՁՄ-ն նպատակ ունի սփյուռքին ավելի շատ ներգրավել ՀՀ ՏՏ ոլորտում

Առաջատար տեխնալագիաների ձեռնարկությունների միությունը կրթական ծրագրերը և երեխաներին ավելի խորը գիտելիքներ փոխանցելու համար սկսել է մշակել «Արմաթ-2» ծրագիրը։

 Այս մասին հրավիրված ԱՏՁՄ տարեսկզբի մամուլի ասուլիսին ասաց միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Կրթությունն այն հիմնական ուղղությունն է, որը հանգեցնում է ոլորտի զարգացմանը: Մեր կատարած կրթական ծրագրերը շատ են, դրանցից մեկն ու հաջողվածներից է «Արմաթ» ծրագիրը: Կան նաև ծրագրեր, որոնց շրջանակում համագործակցելու ենք միջազգային մեր գործընկերների հետ, նախատեսում ենք նաև սփյուռքի ներկայացուցիչներին ավելի ինտեգրել կրթական ուղղվածությամբ աշխատանքներին։ Այս ամենի շրջանակում այս տարի այցեր ենք նախատեսում տարբեր երկրներ, որտեղ հայ համայնքին ավելի մանրամասն կներկայացնենք «Արմաթ»-ը»,- ասաց Եսայանը։

Վերջինիս խոսքով՝ 130 ընկերություն ներկայացնող ԱՏՁՄ-ն աշխատում է «Արմաթ- 2» ստեղծելու ուղղությամբ, որպեսզի երեխաներին հնարավոր լինի ավելի խորը գիտելիքներ փոխանցել։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն էլ նշեց, որ իրենք պատրաստվում են առնվազն 50 նոր «Արմաթ» լաբորատորիա բացել Հայաստանում և 50 լաբորատորիա էլ վաճառել արտերկրում։

«2022թ. դեկտեմբերի դրությամբ` ավելի քան 640 «Արմաթ» է ներդրված Հայաստանում, Արցախում, Ջավախքում, Հնդկաստանում, Քուվեյթում, Բանգլադեշում և Ֆրանսիայում: Աշխատանոցներում ճարտարագիտական կրթություն են ստանում մոտ 17 հազար աշակերտ»,- նշեց Չոբանյանը։

Անդրադառնալով «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագրին, Չոբանյանը ընդգծեց, որ նպատակ ունեն Հայաստանի և Արցախի բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար: Աշխատանոցները նախատեսված են 14-18 տարեկան պատանիների համար:

Դրանցում նրանք հնարավորություն ունեն ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնել դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական և կառավարման սպասարկման առանձնահատկությունները: Այժմ Հայաստանում գործում են 13 ԱԹՍ կրթական աշխատանոցներ։

Աղբյուրը՝   armenpress.am