Նախանշվում են հայ-հնդկական համագործակցության զարգացմանը նպաստող նոր շրջանակներ և ուղղություններ. ՀՀ վարչապետ

Նախանշվում են հայ-հնդկական համագործակցության զարգացմանը նպաստող նոր շրջանակներ և ուղղություններ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ այդ երկրի օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն, 

Ջերմորեն շնորհավորում եմ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ: Հնդկաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող հազարամյա քաղաքակրթություն, ներկայումս մեծ դեր ունի գլոբալ մարտահրավերներին արձագանքելու օրակարգի ձևավորման գործում:

Այս իմաստով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն ակնառու օրինակ է, ինչը մեզ հույս է ներշնչում, որ Մեծ քսանյակում Հնդկաստանի նախագահությունը նույնպես կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերություններն ընդլայնվում և խորանում են, ինչպես նաև նախանշվում են համագործակցության զարգացմանը նպաստող նոր շրջանակներ և ուղղություններ, որոնք բարձրացնում են մեր գործակցությունն իրապես նոր որակական մակարդակի:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: 

Աղբյուրը՝  shabat.am