ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել Էմիրություններ՝ առանց մուտքի արտոնագրի

ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել Էմիրություններ՝ առանց մուտքի արտոնագրի

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009 թվականի հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումն ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դրամաշնորհի արժեքը 4.25 մլն եվրո է: Ծրագրի նպատակն է նվազեցնել ճանապարհային տրանսպորտի հետ կապված պատահարների, վնասվածքների և մահվան ելքով դեպքերի ցուցանիշները ֆիզիկական բարելավման աշխատանքների և ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառուների միջոցով։

Հավանություն է տրվել Գերմանական Միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ՄՀԸ և ՎՎԲ տեղային գրասենյակներ։

Ըստ այդմ նախատեսվում է, որ ՄՀԸ գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից Տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը և կներկայացնի ՄՀԸ-ն Հայաստանում: ՄՀԸ գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ: