Շիրակի մարզում Թումո կենտրոններ կստեղծվեն

Շիրակի մարզում Թումո կենտրոններ կստեղծվեն

Գործադիրն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հողամասեր հանձնելու մասին» որոշում. Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցին և Փանիկի միջնակարգ դպրոցին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին:

Հիմնադրամն իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, հիմնադրամը նախատեսել է նման 110 թումո-տուփ ստեղծել Հայաստանի տարբեր բնակավայրերում: Երևանում նախատեսում է կառուցել ևս 2 խոշոր Թումո կենտրոն:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն շատ կարևոր ծրագրի հատված է, որով փորձ է արվում որակյալ կրթական՝ նաև ոչ ֆորմալ ծառայությունները, դարձնել հասանելի երկրի բոլոր բնակավայրերում:

 «Թումոյի ծրագիրը բավական լայն է՝ 14 ուղղություն կա: Ուրախ եմ նաև, որ մենք արդեն ունենք Թումոյի 7 կենտրոն այլ երկրներում, և հետաքրքրվածությունը բավական մեծ է: Այս պահին հետաքրքրվածություն ունենք ներկայացված Ճապոնիայինց, Մեքսիկայից: Կարծում եմ՝ սա մեր այն լավ կրթական արդյունքներից է, որը նաև արտահանման տեսանկյունից դառնում է շատ լավ հնարավորություն»,-ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում կարևորել է նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագիրը՝ Սմարթ կենտրոններ ստեղծելու վերաբերյալ: