Ծավալային և կառուցվածքային ուշագրավ փոփոխություններ 1000 խոշոր հարկատուների 2022 թ․-ի ընդհանուր հարկային վճարումներում

Ծավալային և կառուցվածքային ուշագրավ փոփոխություններ 1000 խոշոր հարկատուների 2022 թ․-ի ընդհանուր հարկային վճարումներում

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը  (NCPPR) վերլուծել է 1000 հազար խոշոր հարկատուների «վարքագիծը» և արձանագրել, որ  հարկատուների ցանկում ներառված կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2022թ. հունվար-դեկտեմբերի արդյունքներով, նախորդ տարվա համեմատությամբ ծավալային և կառուցվածքային ուշագրավ փոփոխություններ են կրել:  Ստորև ներկայացնում ենք  ամփոփումը   

✓ վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 1,5 տրլն դրամ, ինչը 32%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, 2022թ․ մակարդակն անհամեմատ բարձր է ոչ միայն 2021թ․, այլ նաև դրան նախորդող, այդ թվում՝ տնտեսական առումով առավել բարենպաստ կամ մինչ ճգնաժամային համարվող ժամանակահատվածի նկատմամբ,

✓ շուրջ 210 մլրդ դրամով կամ 32 տոկոսով ավելացել է հարկային վճարումների ընդհանուր ծավալը 100 խոշոր հարկատուների պարագայում,

✓ 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել 374 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է շուրջ 98 մլրդ դրամով,

✓ ցանկի վերջին հարյուրակում գտնվող հարկատուների վճարումները կազմել են շուրջ 28 մլրդ դրամ` 2021-ի համեմատ 10 մլրդ դրամով ավելի,

✓ 1000 հարկատուների ցանկում առաջին և վերջին 100-յակի ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի մեծության հարաբերակցությունը կազմել է 32 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ էականորեն ցածր է,

 Ըստ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի վերլուծության՝   2022թ. արդյունքներով ՀԿ ՀՀ-ում գործող 258 ընկերություն վճարել է 1 մլրդ դրամից ավելի հարկեր: 2021-ին այդպիսի հարկատուների թիվը 201 էր, 2020-ին՝ 177, իսկ դրան նախորդող տարիներին՝ էլ ավելի քիչ:  Իսկ 500 մլն դրամից ավելի հարկեր վճարած ընկերությունների թիվը եղել է 543  (2021-ին` 409): Պարզվում է, որ  1000 խոշոր հարկատուների ցանկում 200 մլն դրամից պակաս հարկ վճարած ընկերություններ չկան (2021-ին այդպիսիք 142-ն էին, 2020-ին՝ մոտ 200)։ 

 Մասնավորապես շահութահարկի գծով 160 ընկերության վճարած շահութահարկի մեծությունը գերազանցել է 200 մլն դրամը (նախորդ տարի այդպիսի ընկերությունների թիվը 97 էր, իսկ օրինակ 2020-ին՝ 116)։ 

Իսկ եկամտային հարկի հարկի գծով 280 հարկատու գերազանցել է  200 մլն դրամի շեմը (2021-ին՝ 235)։

Նշենք նաև, որ ըստ վերլուծության՝  1000 հարկատուների ցանկի առաջին 100 ընկերությունների հարկային վճարումների ընդհանուր մեծության 25,8%-ն ուղղակի հարկերն են ինչը ցածր է նախորդ մի քանի տարիների մակարդակից։

1000 հարկատուների պարագայում նույն ցուցանիշը 2022-ին 28,7% է, ինչը բարձր է 2021-ի մակարդակից (23,6%), 200 մլն դրամը գերազանցող չափով ուղղակի հարկեր են վճարել 409 ընկերություններ (2021-ին` 347, 2020-ին՝ 308):

Ի դեպ խոշոր հարկատուների ցանկում վերին հորիզոնականներ զբաղեցրած (հիմնականում՝ առաջին հարյուրյակի) ընկերությունների շուրջ 80%-ը նախորդ տարվա համեմատությամբ ավելացրել է վճարած հարկերի մեծությունը։ Առավել խոշորների շուրջ 60%-ը նախորդ տարվա համեմատությամբ հարկային վճարումների ծավալն ավելացրել է 20 և ավելի տոկոսով, իսկ դիտարկված խմբում հարկատուներից 17-ը առնվազն կրկնապատկել է հարկային վճարումները։

Հետաքրքրական է, որ մայրաքաղաքում գրանցված հարկատուների թիվը ցանկում ներառվածների 81%-ն է, ինչը նախորդ տարիների համեմատությամբ փոքր-ինչ ավելացել է։ Մինչդեռ նրանց մասնաբաժինը վճարած հարկերի ընդհանուր ծավալում 2022-ին կազմել է 74,8%, ինչը նկատելիորեն ցածր է նախորդ տարիների մակարդակից։ 

Հանքահումքային, ֆինանսաբանկային, ՏՀՏ, նաև՝ առևտրի ոլորտների առաջատարները

Աճ 

Զանգեզուրի ՊՄԿ-ն 2,3 անգամ կամ 81 մլրդ դրամով շատ հարկ է մուծել, նախորդ տարվա համեմատությամբ։ Նույն կերպ, Ագարակի ՊՄԿ-ն 3,0 անգամ ավելացրել է հարկային վճարումները (մոտ 13 մլրդ դրամով)։

Աճի մյուս առաջատարներից կարելի է առանձնացնել հատկապես հետևյալ ընկերությունները՝ «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» (հարկային վճարումները ավելացել են 7,3 մլրդ դրամով կամ 6,3 անգամ), «Թել-Սել» (+3,6 մլրդ դրամ կամ 5,6 անգամ աճ), «ԼԻՃՔՎԱԶ» (+3,5 մլրդ դրամ կամ 4,9 անգամ աճ), «ԴԱՏԱԱՐՏ․ԱՄ» (+2,3 մլրդ դրամ կամ 4,8 անգամ աճ), «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» (+6,5 մլրդ դրամ կամ 4,3 անգամ աճ), «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» (+13,2 մլրդ դրամ կամ 4,0 անգամ աճ), «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» (+6,2 մլրդ դրամ կամ 2,9 անգամ աճ), «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ (+7,3 մլրդ դրամ կամ 2,8 անգամ աճ), «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» (+3,7 մլրդ դրամ կամ 2,6 անգամ աճ), «ՄԻԿՄԵՏԱԼ» (+2,4 մլրդ դրամ կամ 2,5 անգամ աճ), «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» (+2,9 մլրդ դրամ կամ 2,2 անգամ աճ)։

Անկում

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի վերլուծության համաձայն 2022թ․ անկման ավելի բարձր մակարդակ արձանագրվել է «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունում (նախորդ տարվա համեմատությամբ հարկային վճարումները նվազել են 17,6 մլրդ դրամով), «ԹԵՂՈՒՏ»-ում (նվազումը՝ 8 մլրդ դրամով), «ՅՈՒՔՈՄ»-ը կրճատել է հարկային վճարումները 3 մլրդ դրամով, «ԱԹԵՆՔ» ընկերությունում նվազումը ևս զգալի է՝ 2,2 մլրդ դրամ, «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ընկերությունը նախորդ տարվա համեմատությամբ հարկային վճարումները կրճատել է 1/3-ով կամ 1,9 մլրդ դրամով։ 

Վերլուծությունն ամբողջությամբ հետևյալ հղմամբ՝

http://policyobserver.am/2022թ-հունվ-դեկտ/