Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը խիստ կարևոր է ԱՄՆ պետքարտուղարի համար. Վեդանտ Պատել

Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը խիստ կարևոր է ԱՄՆ պետքարտուղարի համար. Վեդանտ Պատել

ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձևավորելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն: 

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր գործընկերների հետ, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ, երբ դա արդյունավետ է», - ասել է Պատելը:

Լրագրողն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու Եվրամիության որոշման առնչությամբ:

«Ինչ վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի դերին, ԱՄՆ-ը ներգրավված չէր նոյեմբերի 20-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարում, որի արդյունքում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ուստի ես լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել այդ հարցի շուրջ: Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա խիստ կարևոր է պետքարտուղարի համար՝ մի բան, որի վրա նա մեծ ուշադրություն է դարձրել և որում խորապես ներգրավված է եղել», - եզրափակել է Պատելը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ, ցանկանում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում և ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը:

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվ կերպով առաքելություն տեղակայել Հայաստանում:

Աղբյուրը՝   armenpress.am