Հայաստանը զբոսաշրջության անվտանգային գնահատականների ֆոնին

Հայաստանը զբոսաշրջության անվտանգային  գնահատականների ֆոնին

 

Այս տարի ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է իր քաղաքացիների համար նոր ճամփորդական ուղեցույց: Ուղեցույցում յուրաքանչյուր երկիր գնահատվում է ըստ վտանգավորության աստիճանի։ Այն ներառում է չորս մակարդակ՝․սովորական նախազգուշության միջոցներ, առավել նախազգուշության միջոցներ, վերանայել ճամփորդությունը և զերծ մնալ ճամփորդությունից:

Ուղեցույցում Հայաստանը նշված է որպես անվտանգ երկիր և ներառված է առաջին կատեգորիայում, սակայն որոշ սահմանային հատվածների վերաբերյալ վերապահում կա։ Ի՞ նչ առավելություն է  տալիս այս և նմանատիպ սանդղակներն ու ուղեցույցները Հայաստանին և ինչպե՞ ս է Հայաստանը շրջանցում զբոսաշրջային քարտեզի խութ ու խոչընդոտները: Փորձագետների կարծիքները  ստորև՝
Տուր օպերատոր, զբոսավար և զբոսաշրջային պրոդուկտի զարգացման համակարգող Ժորա Մարտիրոսյանը նշում է, որ 2017-18 թվականից սկսած ամենալավ արդյունքը Հայաստանն այս ոլորտում գրանցել է 2019 և 2022 թվականներին, սակայն, եթե 2019թ-ին ռուս զբոսաշրջիկները չէին հիմնական թիրախային խմբում, ապա 2022թ-ին հենց ռուսներն էին մեծ տոկոս կազմում: 
«2022թ-ին, ըստ Զբոսաշրջային կոմիտեի տվյալների, Հայաստան է այցելել 1.7 մլն զբոսաշրջիկ, որը երկրորդ բարձր ցուցանիշն է 2019թ-ից հետո, երբ այցելությունների թիվը կազմել է 1,9 մլն: Եթե 2019թ-ին մեր մշտական թիրախային խումբն էր եկել Հայաստան, ապա 2022թ-ին այդպես չէր»,- ասաց նա և հավելեց, որ նախորդ տարիներին մեծ թիվ էր կազմում արտերկրից հարազատների այցելությունները ու սփյուռքահայերի այցերը:  Այս խմբին հիմնականում հետաքրքրում էր մշակութային տուրիզմը, սակայն վերջին տարիներին մեծացել է հայքինգի և քայլարշավների նկատմամբ հետաքրքրությունը:
Նաև նշեց, որ մեծ թվով ֆիլիպինցիներ և հնդիկներ են գալիս Հայաստան Արաբական միացյալ էմիրություններից. « Նրանք ապրելով և աշխատելով ԱՄԷ-ում` սահման հատելու խնդիր ունեն և Հայաստանը նրանց՝ թե ազատ ելք ու մուտքի համար, թե նոր երկիր տեսնելու առումով,   շատ մեծ համբավ ունի:  «Մի շրջան կար, որ իմ զբոսաշրջիկները միայն ֆիլիպինցիներ ու հնդիկներ էին»,- ասաց Ժ. Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի ուղեցույցին, ապա նշեց, որ հատկապես պետական մակարդակով նման ուղեցույցները շատ օգնում են կողմնորոշվելու արևմտյան երկրների, ԱՄՆ-ի զբոսաշրջիկներին:
Ժորա Մարտիրոսյանը մատնանշեց numbeo.com կայքը, որտեղ Հայաստանը լավագույն 10-ի երկրի 7-րդ տեղում է՝ որպես ամենաապահով երկիր: Կայքը հնարավորություն է տալիս համեմատելու ցանկացած երկրի կենսամակարդակը, տրանսպորտի, սննդի, գիշերակացի գները և զարմանալի էր, որ Հայաստանը 160 երկրների մեջ հայտնվել էր  7-րդ տեղում:
«Թեև Հայաստանն աշխարհի  զբոսաշրջային քարտեզի վրա այնքան էլ հայտնի չէ, սակայն  օտարերկրացիների համար նման հայտնի զբոսաշրջային կայքի թոփ 7 ամենապահով երկրների շարքում հայտնվելը կարևոր նշանակություն ունի: Իհարկե, ենթադրում եմ, հաշվի չեն առել մեր երկրի սահմանային առանձնահատկությունները»,- ընդգծեց նա և թվարկեց, որ հաշվի են առնում հանցագործությունների ցածր տոկոսը, գողությունների, սպանությունների ցածր մակարդակը, գիշերով քաղաքում կամ երկրում շրջելու ապահովությունը և այլն:
Նաև հավելեց, որ  այն ամերիկացի, ավստրալացի, եվրոպացի զբոսաշրջիկների հետ, որոնց հետ շփվել է՝ նրանք նման ուղենիշներին և կայքերի ցուցիչներին մեծ ուշադրություն են դարձնում, սակայն արաբական, արևելքի երկրների զբոսաշրջիկների մոտ տեղեկատվության պակաս կա: Արևմուտքում ավելի շատ են հետևում և կարևորություն են տալիս նման ուղեցույցներին և սա անձնական փորձից ելնելով է փոխանցում ժորա Մարտիրոսյանը:
Նա անդրադարձավ նաև զբոսաշրջային ոլորտի խնդիրներին, նշելով օդանավակայանի տաքսիների տատանվող գները, որոնք հաճախ են խոսակցությունների տեղիք տալիս, ասաց, որ չկա այնպիսի մի երկրի, որտեղ չլինեն տաքսիստներ, որ ավել գումար են պահանջում: Նման դեպքերում ինչ օրենք էլ ընդունվի՝ «կազուսներից” հնարավոր չէ խուսափել:
Ժորա Մարտիրոսյանը բերեց իր օրինակը, որ որևէ երկիր այցելելուց նայում է  գները, այդ թվում տաքսիների և անհրաժեշտության դեպքում չի թողնու, որ իրեն մոլորեցնեն: Խնդիրն, ըստ նրա, տեղեկացված ու միամիտ զբոսաշրջիկի մեջ է և նման դեպքերի համար են զբոսաշրջային կայքերը, որոնք ուղղություն են ցույց տալիս:
 Մասնագետը խոսեց նաև Հայաստանի զբոսաշրջային երթուղիների, ընդհանրապես ճանապարհների բարեկարգման շուրջ, և փաստեց, որ տարեցտարի ճանապարհները բարելավվում են, և հիմնական զբոսաշրջային ուղղությունները բարեկարգ վիճակում են և հույս հայտնեց, որ մնացած անբարեկարգ ճանապարհների հարցը կլուծվի:
«Զբոսաշրջային ոլորտի Հայաստանի հիմնական խնդիրը կարծում եմ գովազդն է և լավ գովազդը: Միջազգային էքսպոներին մասնակցելը՝ աշխարհում Հայաստանի զբոսաշրջային դերի բարձրացման նպատակով ևս շատ կարևոր է: Խնդիր է նաև մեծ թվով զբոսաշրջիկների դեպքում նրանց ընդունելը և նրանց հանգիստը կազմակերպելը. ինչ-որ մի սահմանագիծ կա, որ դրանից ավելի մենք պատրաստ չենք ընդունելու»,-ասաց նա և հավելեց, որ Վանաձորում, օրինակ` հյուրանոց չկա, մարզերում հյուրանոցների վիճակը շատ դեպքում բարվոք չէ, քիչ են, եղածները հաճախ չեն համապատասխանում զբոսաշրջիկների պահանջներին՝ լողավազան, մարզումների սրահ և այլն:
Բացի այդ մարզերում, նրա խոսքով, շփման խնդիր կա զբոսաշրջիկի հետ, հաճախ է պատահում, որ որևէ օտար լեզվով հյուրընկալը չի խոսում և դա արդեն սխալ է: Թեև թրեյնինգներ են կազմակերպվում ոլորտի մակարդակը բարձրացնելու համար, սակայն այս բացերը դեռևս մնում են:
Տնտեսագետ Արմեն Քթոյանն անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի զբոսաշրջային  ուղեցույցին, նշեց, որ այն կողմնորոշիչ է ոչ միայն իր քաղաքացիների, այլ երկրների քաղաքացիների համար, սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստանի զբոսաշրջային այցելությունների մեջ ԱՄՆ քաղաքացիները մեծ տեսակարար կշիռ չեն կազմում՝ այդ ուղեցույցը էական  դերակատարում դժվար թե ունենա:
Տնտեսագետը մատնանշեց ուղեցույցում տեղ գտած մի քանի դիտարկումները՝ սահմանամերձ համայնքների որոշակի սահմանափակումների առնչությամբ, և նշեց, որ դրանք նախկինում նշված չեն եղել: Այլ հարց, որ դիտարկում ենք տարբեր  հրապարակումներ կամ տարբեր ինդեքսներ, կենտրոնների գնահատակաները, որոնք կարող են հանրագումարում ազդեցություն ունենալ ոլորտի վրա:
Նա սահմանամերձ բնակավայրերի սահմանափակումների վերաբերյալ առաջարկները պայմանավորեց 2022թ-ի սեպտեմբերյան իրադարձություններով, որին, ըստ նրա, Պետդեպը չէր կարող չարձագանքել  և հնչեցրեց  ընդհանուր տարածաշրջանային անվտանգային միջավայրի վերաբերյալ իրենց գնահատականը:
Հարցին, թե այդ գնահատականը կարո՞ղ է ազդել Հայաստանի ներդրումային դաշտի վրա, ասաց, որ կդժվարանա ասել, որ այդ գնահատականը կազդի Հայաստանում ԱՄՆ  ներդրումների դինամիկայի վրա և վերջին 10 տարում նրանք Հայաստանում մեծ ակտիվություն չեն ցուցաբերում՝ բացառությամբ մեկ-երկու դեպքից:
Ինչ վերաբերում է զբոսաշրջային հոսքերին՝ կապված ԱՄՆ Պետդեպի գնահատականի հետ, ասաց, որ զբոսաշրջային հոսքերի վրա պոտենցիալ գործիք կարող է հանդիսանալ, եթե երկիրը կարողանա ճիշտ օգտագործել այս ուղեցույցը, բայց զբոսաշրջային մասով Հայաստանի խնդիրները շատ ավելի խորքային են, շատ ավելի համակարգային են բնույթ ունեն:
«Մենք զբոսաշրջային միջավայրի խնդիր ունենք, անվտանգային համակարգի տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրներ կան, գնային առումով զբոսաշրջության մրցունակության խնդիր ունենք, զբոսաշրջային օբյեկտների պատշաճ ներկայացման, զբոսաշրջային ռազմավարության, դիրքավորման, շուկաների համապատասխան սեգմենտների վրա աշխատելու խնդիրներն ունենք»,-ասաց նա և հավելեց, որ իրոք ոլորտում խնդիրները շատ են, և այդ դրանց լուծման պարագայում կարող ենք որակական տեղաշարժ ակնկալել և խնդիրների լուծումից հետո նման գնահատականներն ու ուղեցույցները դրական ազդեցություն կգործեն ոլորտի վրա:
Տնտեսագետը նաև շեշտեց, որ զբոսաշրջիկներին ներկայացվող կոթողներն ու մշակութային օջախներ ունենալը դեռևս բավարար չէ, պետք  է զբոսաշրջիկի կացության կազմակերպումը, ունեցածը ճիշտ ձևով ներկայացումը, գովազդային արշավները, զբոսաշրջային երթուղիները, տրանսպորտային հարցերը կարգավորում ստանան:
Արմեն Քթոյանը մատնանշեց հատկապես զուգարանների բացակայությունը, որը արդեն քանի տասնյակ տարի քննարկվում է  և դեռևս լուծում չկա և հարց է տալիս, թե ի՞նչն է խանգարում, որ այս հարցը լուծվի: Կամ, եթե զբոսաշրջային օբյեկտում խնդիր է ծագում սանիտարիայի հետ կապված, ո՞րն է ընթացակարգը, ո՞վ է  լուծողը, մեխանիզմները որո՞նք են. սրանք հարցեր են, որոնք կարոտ են լուծման:
Նա նաև կարևորեց գնային քաղաքականության մրցունակության հարցը, ավելին, զբոսաշրջիկներին մոլորեցնելու պրակտիկան. և հարց է՝ տալիս, թե ո՞ր կառույցն է զբաղվելու այս խնդիրների լուծմամբ, քանի որ «փորձը ցույց է տալիս, որ լուրջ զբոսաշրջային ինդուստրիա ունեցող երկրի համապատասխան պետական կառույցի ամենապարզ չինովնիկը լուրջ ազդեցություն ունի և նրա ներկայությունը զբոսաշրջային օբյեկտում, կամ  որևէ միջադեպի արձանագրում լուրջ խնդիր է  այդ օբյեկտի համար»:
«Այսօրինակ հարցեր կան, որոնք կուտակվելով բացասական էֆեկտ են ձևավորում, դրանք շատ հիմնարար լուծումների կարիք ունեն: Կարող ես բազմաթիվ դրական գործոններ ունենալ, սակայն ոչինչ չանես»,-ասաց նա:
Արմեն Քթոյանը զբոսաշրջիկների շարքում դիտարկեց մեր հայրենակիցների ամառային այցերը, սակայն շեշտեց, որ ավելի քան կարևոր են այն զբոսաշրջիկները, որոնք գալիս են հենց Հայաստանը տեսնելու, իսկ այս առումով ծավալները գոհացուցիչ չեն, թեև որոշակի վերականգնում կա համաճարակից հետո, սակայն ասել առաջընթաց՝ ոչ, միայն նախաճգնաժամային տեղաշարժ: