Թուրքիան վերջնաժամկետ է սահմանել նաև ՌԴ-ից մատակարարվող գազից կախվածությունը վերացնելու համար

Թուրքիան վերջնաժամկետ է սահմանել նաև ՌԴ-ից մատակարարվող գազից կախվածությունը վերացնելու համար

Թուրքիան մտադիր է մինչև 2030 թվականը վերացնել գազի մատակարարումներից կախվածությունը: «ՌԻԱ նովոստի»-ին գրում  է, որ այդ մասին հայտարարել է Turkish Petroleum Corporation (TPAO) գործադիր տնօրեն Մելիհ Խան Բիլգինը։

Ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի՝ Թուրքիային գազի հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանն է (44%) և Անկարան մատակարարումների մի մասը վճարում է ռուբլով և բանակցում է գնի շուրջ:

«Մենք արդեն պլանավորում ենք գալիք տարիների համար: Մինչև 2030 թվականը մեր նպատակն է վերացնել Թուրքիայի կախվածությունը բնական գազի ներմուծումից: 2022 թվականին Թուրքիան ունի մոտ 90-100 միլիարդ դոլարի դեֆիցիտ էներգակիրների ներմուծման առումով: Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտի հիմնական խնդիրն էներգակիրների ներմուծումն է, մեկ ամսում դեֆիցիտը կազմում է 8-9 միլիարդ դոլար, մենք փորձում ենք փակել այն»,-Բիլգինի խոսքերն է մեջբերում Sabah թերթը։

Խոսելով Սև ծովում Թուրքիայի հայտնաբերած գազի պաշարների մասին՝ TPAO-ի ղեկավարն ասել է, որ «խոսքը 30-40 տարվա արդյունահանվող պաշարի մասին է»։

«Առաջին փուլում մենք օրական կարտադրենք 10 միլիոն խմ, առաջին հերթին կփոխարինենք ընդհանուր պահանջարկի 10 %-ը՝ ամսական 9 միլիարդ դոլար ծախսելու փոխարեն 8 միլիարդ դոլար ծախսելով»,-ասել է նա։

Թուրքիան 2020 թվականին Սև ծովում հայտնաբերել է գազի խոշոր հանքավայր, որի ծավալը գնահատվել է 540 միլիարդ խորանարդ մետր։ Այնուհետ նախագահ Թայիփ Էրդողանը հանքավայրը անվանել է ամենամեծը երկրում։

Նա նաև հայտնել է, որ Սև ծովում հայտնաբերվել է 58 միլիարդ խորանարդ մետր պաշարներով գազի հանքավայր, պաշարների գնահատականը հասցվել է 652 միլիարդի, իսկ Սև ծովում գազի ընդհանուր պաշարները հասել են 710 միլիարդ խորանարդ մետրի և միջազգային շուկաներում արժեն1 տրլն դոլար։

Աղբյուրը՝   panorama.am