Երկարամյա ծրագրի հաջող համագործակցությունը մոտենում է իր ավարտին

Երկարամյա ծրագրի հաջող համագործակցությունը մոտենում է իր ավարտին
Հունվարի 28–ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն այցելել են Լեռնագործների 16 հասցեում կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ:  
Համայնքի ղեկավարն ու «Չաարատ Կապան» ՓԲԸ տնօրենը հանդիպել են շինաշխատանքներ իրականացնող կազմակերպության ներկայացուցիչներին և նախագծային աշխատանքների հեղինակին, հետաքրքրվել շինարարության ընթացքով, կատարված և նախատեսվող աշխատանքներով։ Շենքում ներկա դրությամբ ընթանում են արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ։
Համայնքի ղեկավարը Դավիթ Թովմասյանի հետ շրջել է շենքում, մանրամասն ծանոթացրել ապագա մանկապարտեզի շենքային պայմաններին՝ ներկայացնելով, թե որ հարկաբաժնում ինչ է տեղակայված լինելու:
Շրջայցի ավարտին «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շենքի ջերմամեկուսացման, մանկապարտեզը անհրաժեշտ գույքով համալրելու և տարածքի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու մասին։ 
Նշենք, որ ՆՈՒՀ–ի գործարկումով լուծվելու է շուրջ 146 երեխայի հաճախելիության խնդիր, ստեղծվելու են աշխատատեղեր, հատկապես կանանց զբաղվածությունն ապահովելու համար և իհարկե, երեխաներին նախադպրոցական կրթության մեջ առավելագույն չափով ներգրավելու համար արժանավայել պայմաններ: