Ի՞նչ կարժենա Առողջության համապարփակ ապահովագրությունը և ի՞նչ կստանա այդ գումարի դիմաց քաղաքացին

Ի՞նչ կարժենա Առողջության համապարփակ ապահովագրությունը և ի՞նչ կստանա այդ գումարի դիմաց քաղաքացին

Հայաստանում այս տարվանից մեկնարկում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի (ԱՀԱ) ներդրումը. 2023-ը կլինի «նախապատրաստական փուլ», հաջորդ երեք տարիները՝ 2024-2026 թվականները «փորձարկման փուլ», իսկ արդեն չորրորդ տարվանից` 2027 թ-ից ԱՀԱ-ն կկիրարկվի ամբողջությամբ։ ՀՀ Առողջապահության նախարարության  հեղինակած Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը հունվարի 11-ից 26-ը դրվել էր հանրային քննարկման իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

ԱՀԱ-ի ֆինանսական միջոցները

Համաձայն նախագծի` ԱՀԱ-ի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգոյանան երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեից և ԱՀԱ-ին միանալու ապահովագրական վճարներից։ Պետական բյուջեի միջոցները կհատկացվեն ծածկույթի ծախսերի ծածկման համաֆինանսավորման սկզբունքով՝ հաշվի առնելով շահառուների սոցիալական և առողջական ռիսկերը, ասել է թե` նվազ եկամուտներ ունեցողների դեպքում պետության մասնակցության չափը  ավելի մեծ կլինի:

Այսպիսով, աշխատող քաղաքացիների (բնակչության մոտ 22%) եկամտից ամսական գումար կհատկացվի Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։  

Ապահովագրական վճարի չափ նոր փաստաթղթում հստակեցված չէ, թեև դեռ 2022թ-ին Առողջապահության նախարարության  ներկայացուցիչն ասում էր, որ աշխատող քաղաքացիները կվճարեն 6%, որից 3-%-ը՝ գործատուն: Հայտնի է միայն, որ, ի տարբերություն նախկինում քննարկված հայեցակարգի, այս անգամ խոսքը ոչ թե տոկոսադրույքի, այլ հաստատուն գումարի մասին է:

Ինչպես վերջերս նշեց Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը,  նախնական գնահատականով յուրաքանչյուր աշխատող քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան պետք է վճարի 150-200 հազար դրամ: Այդուհանդերձ թիվը վերջնական չէ և հստակեցվելու է յուրաքանչյուր տարի:

 ԱՀԱ ներդրման առաջին՝ նախապատրաստման փուլում կձևավորվեն հիմնական ծառայությունների և նվազագույն ծառայությունների փաթեթները։ Հիմնական ծառայությունների փաթեթը հասանելի կլինի ԱՀԱ-ի փորձարկման փուլի ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության, ինչպես նաև ԱՀԱ-ի փորձարկման փուլում միացած շահառուների համար։ Նվազագույն ծառայությունների փաթեթը հասանելի կլինի ԱՀԱ-ում չընդգրկված քաղաքացիների համար։

 Ապահովագրության դիմաց քաղաքացին հիմնական ծառայությունների փաթեթի շրջանակում կստանա պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայություններ, նաև կանխարգելիչ հետազոտություններ, որոնք պարտադիր կլինեն ՝ հետագայում բուժծառայություններ ստանալու համար: Կփոխհատուցվեն հեմոդիալիզի, հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները, սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն, չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բժշկական օգնություն և սպասարկում, վերականգնողական բուժման ծառայություններ առանձին հիվանդությունների կամ վիճակների դեպքում, օրգանների փոխպատվաստում, էնդովասկուլյար վիրաբուժություն, պալիատիվ բուժման և խնամքի ծառայություններ և այլն: Ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով կիրականացվի ստոմատոլոգիական անհետաձգելի բժշկական օգնությունը (զննում և ատամի հեռացում, մինչև երկու ատամի վիրաբուժական բուժում, պրոթեզավորում 63 և բարձր տարիքի անձանց համար): Ապահովագրական ծածկույթից դուրս կմնան, օրինակ, պլաստիկ վիրահատությունները, հավելյալ խնամքի ծառայությունը, հիվանդասենյակի վճարը, բուժքույրական խնամքը, որոշ դեպքերում նաև՝ վերականգնողական ու հետվիրահատական բուժումը։

 «ԱՀԱ-ի ներդրման վերջնարդյունքում բոլոր ապահովագրված քաղաքացիները կունենան միևնույն ծածկույթը, անկախ վճարունակությունից և սոցիալական կարգավիճակից, որը կտարբերվի միայն տարիքով և սեռով պայմանավորված հատուցումների առանձնահատկություններով։ Կամավոր բժշկական ապահովագրությունը կգործի ի լրումն ապահովագրված և չապահովագրված անձանց հիմնական և նվազագույն ծառայությունների փաթեթներին և կներառի դրանցում չընդգրկված ծառայությունները», - նշված է փաստաթղթում։

ԱՀԱ ներդրման փուլերը, նպատակն ու սպասվող արդյունքը

ԱՀԱ ներդրման առաջին՝ նախապատրաստական փուլում կսահմանվեն յուրաքանչյուր փուլում ԱՀԱ-ում ընդգրկվող բնակչության խմբերը, կպատրաստվեն վերջիններիս տվյալների բազաները, կիրականացվի դրանց նույնականացումը այլ տվյալների բազաների հետ, ինչպես նաև էլեկտրոնային ապահովագրական պոլիսների թողարկումը։

 ԱՀԱ ներդրման երկրորդ՝ փորձարկման փուլի 1-ին տարվա ընթացքում ԱՀԱ-ում կընդգրկվեն  պետության կողմից սահմանված բնակչության խմբերը, այդ թվում՝ նպաստի համակարգում ընդգրկված և 28,01 և ավելի միավոր ունեցող ընտանիքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձիք, մինչև 18 տարեկան երեխաներ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված այլ անձիք, սոցիալական փաթեթում ընդգրկված շահառուներ։ Փորձարկման փուլի 2-րդ տարվա ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության խմբերին կմիանան նաև 63 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։

 Փորձարկման փուլի վերջին տարում` 2026 թվականին ԱՀԱ-ին հնարավորություն կունենան միանալու բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք և գյուղատնտեսությունում զբաղվածները։

 Նախագիծը մշակողների պնդմամբ, ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է և բուժօգնության որակի բարելավումը: ԱՀԱ ներդրումը կնպաստի նաև մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

Ըստ ներկայացված ուսումնասիրության՝ Հայաստանն ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝ վերջին 25 տարիների ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից: «Ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է ծառայությունների մատուցման համակարգի մասնատման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում: Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով ոչ աղքատ բնակչության 12,6%-ը, աղքատների 24,5%-ը և ծայրահեղ աղքատների 49%-ը չի հաճախում ԱԱՊ բժշկի:
Տնային տնտեսությունների եկամուտներից առողջապահական ծախսերին 10%-ից ավելին ուղղելու ցուցանիշով (16.1%), Հայաստանը գերազանցում է համաշխարհային (12.7%) և տարածաշրջանային (7.4%) միջին ցուցանիշները: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում», - նշում են հեղինակները:
Կառավարում  և վերահսկողություն
Ըստ Նախագծի` ԱՀԱ-ի կառավարման նպատակով ԱՀԱ-ի ներդրման նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ (այսուհետ՝ Հիմնադրամ), որի միջոցով ԱՀԱ-ն իրականացվելու է մեկ միասնական գնորդի/վճարողի սկզբունքով: Վերջինս պետք է ապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։
Հիմնադրամը կունենա կառավարման խորհուրդ, որի կողմից կիրականացվի հիմնական որոշումների ընդունումը: Խորհրդին կից կգործեն երկու հանձնաժողովներ՝ ռազմավարական գնումների և կատարողականի վերահսկման: Խորհրդի անդամները կաշխատեն հասարակական հիմունքներով: Կառավարման խորհրդում կարող են ընդգրկվել կառավարության անդամներ, գործատուների, աշխատողների, սպառողների և առողջապահության մասնագիտական հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների անդամներ՝ հավասար ներկայացուցչականությամբ (50-ական տոկոս մասնակցությամբ կառավարության և մյուս ներկայացուցիչների համար): Կառավարման խորհրդին կից հանձնաժողովներում կլինեն ներկայացուցիչներ բժշկական կազմակերպությունները ներկայացնող միություններից, հասարակական կազմակերպություններից, մասնագիտացված ասոցիացիաներից: Կարող են ընդգրկվել նաև ոլորտային փորձագետներ: Կառավարման խորհրդի կազմը կնշանակվի վարչապետի կողմից, 1-ից 3 տարի ժամկետով, իսկ կառավարման խորհրդի նախագահ ի պաշտոնե կնշանակվի առողջապահության նախարարը:
Հիմնադրամը պարբերաբար, առնվազն եռամյա կտրվածքով, կներկայացնի տեղեկատվություն ԱՀԱ ներդրման նպատակի և միջոցառումների արդյունքային  ցուցանիշների համախմբում ներկայացված արդյունքների վերաբերյալ (Հավելված 4-ը), որոնք հիմք կհանդիսանան ԱՀԱ գործունեության գնահատումն իրականացնելու համար:
Տնտեսության վրա ազդեցությունը
ԱՆ հավաստմամբ` ԱՀԱ-ի ներդրման փորձարկման փուլից սկսած Կառավարությունը կապահովի պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների աստիճանական ավելացում՝ ԱՀԱ-ի վերջնական ներդրման տարվա (2027թ) և հաջորդ տարիների համար ապահովելով պետական բյուջեի ծախսերի առնվազն 15% կամ ՀՆԱ-ում նվազագույնը 4% չափաբաժին։  
Հեղինակներն ընդունում են, որ ԱՀԱ ներդրումը ենթադրում պետական բյուջեի եկամուտներից առողջապահական ծախսերին ուղղված գումարների ավելացում։ Բայց նշում են, որ թե կարճաժամկետ հատվածում, թե երկարաժամկետ կտրվածքով այդ լրացուցիչ ծախսերը կունենան դրական ազդեցություն տնտեսության վրա։ Ըստ ներկայացված ուսումնասիրության՝ կորցրած աշխատունակության արդյունքում առաջացած անուղղակի լրացուցիչ ծախսերը ավելի քան չորս անգամ գերազանցում են ուղղակի ծախսերը՝ կազմելով 294.9 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ տնտեսության վնասը տարեկան կազմում է 362.7 մլրդ ՀՀ դրամ, որը համարժեք է 2023 թվականի համար կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 4,7%-ին:
«ԱՀԱ համակարգի առկայությունը դրականորեն կազդի նաև Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից, քանզի ցանկացած ներդրող շահագրգռված է առողջ աշխատակիցներ ունենալու մեջ և որքան աշխատակիցների առողջության հետ կապված հարցերը կանոնակարգված լինեն պետության կողմից տրամադրվող երաշխիքների տեսքով՝ հիմնական, աղետալի ծախսեր պահանջող հիվանդությունների բուժման մասով, պարտադիր բժշկական զննումների և հետազոտությունների իրականացման հետ կապված, այնքան ներդրողի համար կանխատեսելի և շատ ավելի վստահելի կդառնա ներդրումային միջավայրը», - հավաստիացնում են նախագծի հեղինակները։ 
Նշենք, որ հունվարի 26-ի ժամը 18:00-ի դրությամբ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում քվեարկության մասնակցած   քաղաքացիների գրեթե 90%-ը նախագծին կողմ  էր քվեարկել: